Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ են ոստիկանները ձեռնաշղթաների կիրառմամբ ձերբակալել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբորը

Ինչո՞ւ են ոստիկանները ձեռնաշղթաների կիրառմամբ ձերբակալել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբորը
Իրավունք
17:21, 25 ноябрь 2022
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որով տեղեկացրել էր, որ Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբորը՝ Արման Բաղդասարյանին, ոստիկանները փողոցում ձեռնաշղթաների կիրառմամբ ձերբակալել են և տարել ոստիկանության «Կումայրի» բաժին։ 

«Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանին Գյումրու ոստիկաններն այսօր փողոցում բռնել, գետնին են պառկեցրել, ձեռնաշղթաներ հագցրել, բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին, հետո բաց են թողել»,- գրել էր Լևոն Բարսեղյանը:
Արման Բաղդասարյանը, բացի Շիրակի մարզպետի եղբայրը լինելուց և մինչ ավագանու անդամ ընտրվելը, հայտնի է մինչհեղափոխական շրջանում իր ընդդիմադիր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումներով, տարբեր ակցիաների մասնակցությամբ։

Բաղդասարյանի անունը Գյումրիում երբեք, որևէ կերպ չի առնչվել որևէ քրեական պատմության հետ, կապեր չունի քրեական աշխարհի հետ, օրենքի հետ խնդիրներ չի ունեցել, և այս ձերբակալությունը, այն էլ՝ ձեռնաշղթաներով և գետնին պառկեցնելով ուղեկցված, չափազանց տարօրինակ է։ 

Civic.am-ին հաջողվեց պարզել, որ Բաղդասարյանին ձերբակալել են ինչ-որ զեկուցագրի հիման վրա, իբր վերջինս ապօրինի զենք է կրում։ Տարօրինակն այն է, որ նման կասկածի դեպքում, ըստ տրամաբանության, անձին պետք է տեղում զննեն, չհայտնաբերելու դեպքում՝ բաց թողնեն կամ խուզարկություններ իրականացնեն բնակարանում, աշխատավայրում, մեքենայում և այլն, ինչը չի արվել։ Տպավորություն է, որ զենքի թեման ընդամենը պատրվակ է եղել Արման Բաղդասարյանին կոշտ ձևով ձերբակալելու, գետնին պառկեցնելու, տեսանկարահանելու համար։ 

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Բաղդասարյանին ձերբակալել և բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Կազմվել են համապատասխան փաստաթղթեր, ապա  ազատ  արձակել։  

Վովա Հակոբյան