Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու մեղադրանքով կալանավորված ՀՅԴ-ականն ազատ կարձակվի. դատավորը մերժել է նրա կալանքը երկարացնելու մասին ՔԿ-ի միջնորդությունը

Հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու մեղադրանքով կալանավորված ՀՅԴ-ականն ազատ կարձակվի. դատավորը մերժել է նրա կալանքը երկարացնելու մասին ՔԿ-ի միջնորդությունը
Իրավունք
18:17, 09 март 2023
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ քիչ առաջ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանը մերժեց Արարատի մարզի քննչական վարչության միջնորդությունը՝ կալանավորված ՀՅԴ «Արարատ» ՄԿ անդամ Գառնիկ Մանուկյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին։
«Ամսի 11-ին արդեն մեր ընկերը կլինի ազատության մեջ՝ իր ընկերների ու ընտանիքի կողքին»,- գրել է Վարդանյանը։
Գառնիկ Մանուկյանը կալանավորվել էր այս տարվա հունվարի 14-ին։ 

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ. Մ.-ի և նույն մարզի Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա. Մ.-ի միջև հեռախոսային խոսակցությունը վերաբերել է ՀՀ-ում գրանցված կուսակցություններից մեկի կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու գործընթացը կազմակերպելուն և նշված միջոցառմանը մասնակցելու նպատակով մի քանի անձանց միջոցով այլ քաղաքացիների նյութապես շահագրգռելուն։ Քննությամբ պարզվել էին ձայնագրության մեջ նշվող, այդ գործընթացի հնարավոր կազմակերպմանը հնարավոր առնչություն ունեցող  այլ անձանց տվյալները։

«Վարույթի շրջանակներում իրականացված խուզարկությունների արդյունքում ձեռք է բերվել և առգրավվել «Հայաստան Դաշինք»  գրառմամբ թվով 2 թղթապանակ՝ 100-ից ավելի թղթերով, որոնց վրա  ցուցակի տեսքով,  մեծամասամբ ձեռագիր, ինչպես նաև տպագիր  գրառված են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, որոնց կողքին առկա  են  սև և կարմիր գույներով  ձեռագիր գրառումներ  «+», «-», «բացակա» և այլ նշումներով գրառումներ,  անձնագրի սերիաներ՝ դրանց կողքին առկա ստորագրություններով,  հեռախոսահամարներով,  եռանիշ և քառանիշ թվեր,  «Բարգավաճ»,  «Չեն ընտրելու»,  «Հանված է», «Չգրել», «Չզանգել»,  «Մտնել», «Չմտնել», ինչպես նաև  գումար վերցնելու, չվերցնելու վերաբերյալ նշումներ։ 

Թղթապանակներում առկա են եղել նաև 2022թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին 2 ընտրատեղամասերում քվեարկության ընթացքում տեխնիկական սարքով գրանցված ընտրողների անդորրագրերի տեղեկանքների գրառմամբ թղթեր, ինչպես նաև տպագիր աղյուսակներ, որոնց մեջ առկա են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, ծննդյան օրեր, ամիս, ամսաթվեր, ընտրատեղամասի համար, հաշվառման հասցեներ: Նշված աղյուսակների անունների դիմաց, առկա են «+», «-», «Գ+» և այլ նշումներ։ 
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023թ. հունվարի 12-ին միջնորդություններ են ներկայացվել վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին երեք անձանց՝ Գ. Մ.-ի, Ա. Մ.-ի և Հ. Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Նշված անձանց ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ Գ. Մ.-ն և Ա. Մ.-ն 2022 թվականի հունիս ամսին կուսակցության կողմից կազմակերպված հավաքներին նյութապես շահագրգռելու եղանակով մի շարք քաղաքացիների մասնակից դարձնելու նպատակով գումարներ են տրամադրել տարբեր անձանց, այդ թվում՝ Հ. Մ.-ին, որն, իր հերթին, նույն նպատակով գումար է տրամադրել մտերիմներին։ Արդյունքում խախտվել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատ կամահայտնությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը:

2023 թվականի հունվարի 13-ին միջնորդություններ են ներկայացվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան 3 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ 

Դատարանը բավարարել է Գ. Մ.-ի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը և նրա նկատմամբ 2 ամիս ժամկետով որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Մյուս երկու մեղադրյալների վերաբերյալ ներկայացված միջնորդությունները չեն բավարարվել:

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները առերևույթ հանցագործության բոլոր հանգամանքները, դրան առնչություն ունեցող բոլոր անձանց շրջանակը պարզելու, նմանատիպ հնարավոր այլ դրսևորումները բացահայտելու նպատակով»,-նշված էր Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։