Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կաթողիկոսի անունից «Իզմիրլյանի» աշխատակիցներին սպառնացած Արմեն Չարչյանի դեմ ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել

Կաթողիկոսի անունից «Իզմիրլյանի» աշխատակիցներին սպառնացած Արմեն Չարչյանի դեմ ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել
Իրավունք
18:26, 18 июнь 2021
Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով: Կատարվում է նախաքննություն: Դատախազության կողմից ուղարկված նյութերը ևս կցվել են քրեական գործին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ-ից։ 

Արդեն տեղեկացրել ենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ով ներառված է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում, սպառնում է բժշկական կենտրոնի աշխատակիցներին, պարտադրելով անպայման մասնակցել ընտրություններին և չքվերակել գործող իշխանության օգտին։

«Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները, ունեմ ձեր բոլորի հասցեները, անուն ազգանունները և տեսնելու եմ՝ ով ա գնացել ընտրության և ով չի գնացել ընտրության։ Հավատացեք ով չի գնացել ընտրության ես դիտարկելու եմ իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող։ Իսկ եթե որևէ մեկը այստեղ նստածներից չի կատարել տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և տնօրինությունը բացարձակ նույն և շատ ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու իրենց նկատմամբ։ Էդպիսի արտահայտություն կա չէ՞ համարժեք պատասխան։ Պատասխանը խիստ անհամարժեք է լինելու, որովհետև էսօր դուք որոշում եք իմ երեխայի, իմ թոռան բախտը։ Դուք որոշում եք իմ սերունդների ճակատագիրը, ինչպես նաև ես եմ որոշում ձեր սերունդների ճակատագիրը... Ես հանձնարարել եմ նաև բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին, որպեսզի գործընթացը ամսի 20-ին իրենք ստուգեն, հետևողական լինեն, մի քանի անգամ կարող է ձեզ զանգեն, մինչև դուք չգնաք ընտրությունների։ Սա քաղաքական միջոցառում չի, սա քաղաքացիական պարտքը կատարելու միջոցառում է։ Շատ լավ գիտեմ, որ օրենք կա հիվանդանոցներում, դպրոցներում, մշակույթի օջախներում և այլն քարոզչություն կատարել չի թույլատրվում, քարոզչություն կատարողը պատժվում է և ես օրենքի առաջ միշտ եղել եմ պարզ։ Չնայած էնտեղ գումարը մեծ չի 200 հազար դրամ է, բայց անգամ 2 լումա վճարել չեմ ցանկանում, որովհետև դա ոչ թե գումարի խնդիր է այլ օրինապաշտության։ Ես իմ օրինապաշտությունը պահում եմ, մի ընկալեք սա որպես քարոզչություն։ Առաջին պարտադրանքս, հորդորս գնալ ընտրությունների, երկրորդը՝ մենք բոլորս աշխատում ենք Մայր Աթոռի պատկան կաույցում, հիվանդանոցը պատկանում է Մայր Աթոռին։ Մայր Աթոռի միանշանակ դիրքորոշումը սկսված դեկտեմբերից, պատերազմից հետո, Վեհափառ հայրապետի առաջին ուղերձից և դրանից հետո երեք անգամ հաստատված, և վերջինը՝ մի շաբաթ, 10 օր առաջ էր։ Մայր Աթոռի դիրքորոշումը հետևյալն է՝ ներկա իշխանությունները ապաշնորհ են, տապալել են ամեն ինչ և նրանք պետք է հեռանան։ Սա ես ձեզ տեղեկացնում եմ Մայր Աթոռի դիրքորոշումը։ Այսինքն ձեր գործատուն ունի էդ դիրքորոշումը։ Ես ձեզ չեմ հորդորում գնացեք քվեարկեք սրան նրան։ Մայր Աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել», - ժողովի ժամանակ արված գաղտնի ձայնագրության մեջ ասել է Արմեն Չարչյանը։