Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրակաշառքի գործով Արամայիս Ապրոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Մխիթարյանը

Ընտրակաշառքի գործով Արամայիս Ապրոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Մխիթարյանը
Իրավունք
13:44, 30 июнь 2021
Ընտրակաշառքի գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հավելելով, որ դատական նիստը նշանակվել է հուլիսի 2-ին։

Նշենք, որ կալանավորվելուց հետո Արամայիս Ապրոյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ նույն օրը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Քրեական գործի շրջանակներում ի սկզբանե ձերբակալվել էր երկու անձ, այդ թվում՝ Արամայիս Ապրոյանը։ Քրեական գործով ևս 6 անձի նկատմամբ կիրառվել է նույն խափանման միջոցը։Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Արամայիս Ապրոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Ա.-ն, ընդգրկված լինելով կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Արամայիս Ապրոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է։