Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ-ը հորդորում է ակտիվ մասնակցել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթացներին՝ «Մեկ պատուհան» համակարգի ներդրմանն ընդառաջ

ՊԵԿ-ը հորդորում է ակտիվ մասնակցել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթացներին՝ «Մեկ պատուհան» համակարգի ներդրմանն ընդառաջ
Պաշտոնական
12:11, 03 август 2021
ՊԵտական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ավարտվում է «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի
ներդրման գործընթացը: Այն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության
համագործակցությամբ և մինչև տարեվերջ պետք է կիրառվի ամբողջությամբ։ Այս գործընթացով հնարավորին նվազագույնի
են հասցվելու շփումները՝ մաքսային ձևակերպումների համար տարբեր պետական և մասնավոր մարմիններից անհրաժեշտ
առձեռն թույլատրական փաստաթղթերի ստացման նպատակով: Զգալի կրճատվելու է ներմուծման և արտահանման
գործընթացի կազմակերպման ժամանակը։ Համակարգի ներդրումից կարճ ժամանակ անց փաստաթղթերի թղթային տարբերակի
ներկայացումն արգելվելու է և ընդունվելու են միայն էլեկտրոնային փաստաթղթեր։

Հաշվի առնելով, որ էլեկտրոնային հարթակից օգտվելը պահանջում է որոշակի հմտություններ և գիտելիքներ, ՀՀ
պետական եկամուտների կոմիտեն օգոստոսի 2-ից նախաձեռնել է ուսուցողական դասընթացներ մաքսային ձևակերպումներ
իրականացնող մասնագետների, ինքնահայտարարագրող կազմակերպությունների մաքսային գործակալների, ինչպես նաև
շահագրգիռ ցանկացած այլ անձանց համար։ ՊԵԿ պաշտոնական կայքով հայտարարություն է հրապարակվել, ինչպես նաև
կոմիտեին հասանելի էլեկտրոնային հասցեներով անհատական իրազեկում է ուղարկվել նշված մասնագետներին՝
դասընթացների մասնակցության անհրաժեշտության մասին։ Առաջին դասընթացին մի քանի հարյուր հոգու հասնող թիրախային
խմբից ընդամենը 18 մասնագետ է հայտ ներկայացրել, ինչը բավականին ցածր ցուցանիշ է:

Կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբեր ամսին կկազմակերպվի դասընթացի ևս մեկ փուլ: Արդյունքում
կհրապարակվեն մասնակից այն մասնագետների տվյալները, որոնք ձեռք են բերել համապատասխան գիտելիքներ և
կկարողանան «Մեկ պատուհան» սկզբունքով ապահովել մաքսային ձևակերպումների և թույլատրական փաստաթղթերի
ստացման պարզեցված գործընթացը։ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ այժմ վերանայվում է մաքսային ձևակերպումների
մասնագետի որակավորման ամբողջ գործընթացը, և, եթե այս պահին դասընթացների մասնակցությունը կրում է կամավոր
բնույթ, ապա հետագայում էլեկտրոնային հարթակից օգտվելու հմտությունը համապատասխան որակավորում ստանալու
պարտադիր նախապայմաններից և պահանջներից է լինելու։

Այսպիսով, «Մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակից օգտվելու համապատասխան գիտելիք և հմտություն
չունեցող անձինք հնարավորություն չեն ունենալու մատուցել պարզեցված և բարձրորակ ծառայություններ, իսկ մոտ
ապագայում, նախատեսվող իրավակարգավորումներից հետո, չեն ստանա նաև մաքսային ձևակերպումների մասնագետի
համապատասխան որակավորում։