Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպմանը կարևորել է ԵԽ-ի աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին

Ալեն Սիմոնյանը Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպմանը կարևորել է ԵԽ-ի աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին
Պաշտոնական
18:10, 21 октябрь 2021
Հոկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյակը՝ կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:

Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽ և ԵԽԽՎ մոնիթորինգային կառույցների դերակատարությունը և նախաձեռնած բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Վեհաժողովի կողմից 2021 թ. հունիսին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը  և տված բարձր գնահատականին:

Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին և հետպատերազմյան իրավիճակին: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց պատանդության մեջ պահել՝ ոմանց դեմ հարուցելով կեղծ քրեական գործեր:

Օրենսդիր մարմնի նախագահն ընդգծել է ԵԽԽՎ-ի կողմից այս խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձել են մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող հարցերի: