Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը վստահության մանդատ է ստացել, նա պետք է պինդ դիրքերից բանակցի Պուտինի հետ. Ինչ սպասել մոսկովյան այցից

Փաշինյանը վստահության մանդատ է ստացել, նա պետք է պինդ դիրքերից բանակցի Պուտինի հետ. Ինչ սպասել մոսկովյան այցից
Քաղաքականություն
17:42, 07 июль 2021
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն և Կրեմլում հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօրվա հանդիպման ժամանակ կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ Այդ մասին ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր նաև  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ այցից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ ՌԴ նախագահի խոսնակն արդեն հրապարակել է այցի օրակարգը, բայց պարզ է նաև, որ այցի ընթացքում կքննարկվի նաև ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայաստանում ստեղծված խնդիրներին ՀԱՊԿ արձագանքը։ «Առանցքայինն այն է, որ հնարավոր լինի հանգուցալուծել սահմանում ստեղծված իրավիճակը և հասնել նրան, որ Ադրբեջանցիները հետ քաշվեն ելման դիրքեր։ Կարծում եմ առանցքային, շոշափելի  հարց կարող է դա դիտվել։ Երևանը հստակ արձանագրել է, որ այլ քննարկումներ կարող են լինել միայն սահմանային իրավիճակի հանգուցալուծումից հետո»,-ասաց  Բադալյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս ինտենսիվ, փաստացի պաշտոնական մակարդակով խոսվում է ռուս սահմանապահների տեղակայման, ադրբեջանցիների ելման դիրքեր վերադառնալու մասին, որից հետո կձևավորվի նոր իրավիճակ. «Ընդհանուր առմամբ պարզ է, որ եթե մենք խոսում ենք ավելի լայն անվտանգային համատեքստում, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանը խնդիր ունի դիվերսիֆիկացնել անվտանգային ռեսուրսները, որովհետև Ռուսաստանը, որպես այդպիսին, ոչ միայն լիարժեք վստահելի չէ որպես արդյունավետ գործընկեր և դաշնակից, այլև ներկայում ստացել է ավելի լուրջ խնդիրներ միջինասիական ուղղությամբ և դրանով իսկ ավելի կախվածության մեջ հայտնվել թուրքական գործոնից։ Այս իրավիճակը Հայաստանի համար ավելի հրամայական է դարձնում Ռուսաստանի հետ աշխատանքին զուգահեռ  ինտենսիվ աշխատել առնվազն Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ և փորձել դիվերսիֆիկացնել թե՛ շահերը մեր ռեգիոնում, և թե՛ Հայաստանի անվտանգային ռեսուրսները»,-ընդգծեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի շուրջ քննարկումներին, ապա մեր զրուցակցի խոսքով դա ուղղակիորեն պետք չէ կապել հայ-ռուսական քննարկումների հետ, քանի որ Հայ-ռուսական օրակարգում ՀԱՊԿ-ի հարցը դրված է ավելի լայն իմաստով, ոչ անմիջական սահամանային խնդրի հանդեպ վերաբերմունքով։ «Հայ-ռուսական քննակումները ՀԱՊԿ-ի վերաբերյալ և Հայաստանի հնարավոր որոշումը կարող է առհասարակ փոխել իրավիճակը ՀԱՊԿ-ի շուրջ և հարցը բերել բոլորովին նոր տրամաբանության դաշտ ու քննարկել կառույցի արդիականությունը նոր իրավիճակում»,-ասաց Բադալյանը։ 

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսով էլ  Հայաստանում ՀԱՊԿ-ի դեմ ընդվզումը բոլորին պարտադրեց մտածել։ Փաշինյանի այցն էլ, թերևս, հենց այդ պատճառով է. «Ցարը սովոր է Հայաստանում իր հինգերորդ շարասյունով հանդերձ ինչպես ուզում է վարվել և ճիշտ դուրս գալ։

Բայց այս անգամ կարծես թե այդպես չստացվեց։ Հայաստանում ընդվզեցին ՀԱՊԿ-ի  դեմ, որը իրենց անհանգստացրեց։ Չգիտեմ վարչապետի հետ շանտաժի լեզվով կխոսեն, թե չէ, բայց լավ կլինի, որ Փաշինյանը շատ սառնարյուն, հստակ պաշտպանի Հայաստանի շահերը։ Վարչապետը պինդ դիրքերից պետք է բանակցի Պուտինի հետ և դա չի կարող արդյունք չտալ։ Իսկ արդյունքը կարող է լինել այն, որ Ռուսաստանը չափավորի իր ախորժակը»,-ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ հստակ, սառնարյուն գործելու համար Փաշինյանը Հայաստանից պետք է  աջակցություն ստանա հայաստանյան քաղաքական ուժերի, ժողովրդի, մամուլի կողմից։ «Հիմա ո՛չ պատերազմից առաջվա վիճակն է, ո՛չ պատերազմից հետո ստեղծված վիճակը։ Հիմա բոլորովին նոր իրավիճակ է, ժողովուրդը վստահության մանդատ է տվել Փաշինյանին։ Սա ուրիշ մանդատ է։ Փաշինյանը ստացել է անկախության, պետության  ամրապնդման մանդատ։ Նրան ընտրած զանգվածը քվեարկել է գողապետության դեմ ու հիմա Փաշինյանը բոլորովին այլ կարգավճակ ունի ու նա Պուտինի հետ պետք է խոսի ինչպես հավասարը հավասարի հետ։ Նա պետք է խոսի համահայկական լիդերի և  պետականության կրողի դիրքերից»,-ասաց Շիրինյանը։

Նշենք, որ ընտրություններից հետո սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Մոսկվա։

Արփի Հարությունյան