Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Ստրասբուրգի քաղաքային խորհրդին՝ պատերազմից տուժածներին տրամադրված օգնության համար

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Ստրասբուրգի քաղաքային խորհրդին՝ պատերազմից տուժածներին տրամադրված օգնության համար
Քաղաքականություն
23:03, 07 июль 2021
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգ քաղաքում։ Այցի ընթացքում դեսպանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ։

 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու հնարավորությունները։ Դեսպան Տոլմաջյանը, ի դեմս Ժան Բարսեղյանի, շնորհակալություն է հայտնել Ստրասբուրգի քաղաքային խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած հայ քաղաքացիներին տրամադրված հումանիտար օգնության համար։
 
Այցի ընթացքում Հասմիկ Տոլմաջյանը և Պարույր Հովհաննիսյանը հանդիպել են նաև Գրանդ-Էստ շրջանի և Բա-Ռեն դեպարատամենտի պրեֆեկտ Ժոզիան Շըվալիեին։ Երկուստեք ընդգծվել է Ստրասբուրգի և Գրանդ-Էստ շրջանի հետ համագործակցության սերտացման կարևորությունը։
 
Դեսպանը ներկայացրել է Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի առաջ բերած աշխարհաքաղաքական և հումանիտար բարդ մարտահրավերները։
 
Այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև հանդիպում Ստրասբուրգի և Գրանդ-Էստ շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։