Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որևէ բան ասել չեմ կարող Կարեն Անդրեասյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու մասին. առիթի դեպքում պարոն Անդրեասյանի հետ կաշխատեմ». Քրիստինե Գրիգորյան

«Որևէ բան ասել չեմ կարող Կարեն Անդրեասյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու մասին. առիթի դեպքում պարոն Անդրեասյանի հետ կաշխատեմ». Քրիստինե Գրիգորյան
Քաղաքականություն
13:37, 29 июль 2021
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում արդարադատության նախարարի պաշտոնակատարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի՝ կառավարության նիստին չներկայանալու պատճառը արձակուրդում գտնվելն է, և վերջինս աշխատանքի կվերադառնա երեքշաբթի օրը։ Մեկնաբանելով տարածվող լուրերը, որ արդարադատության նախարար է նշանակվելու Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ այս պահին որևէ բան ասել չի կարող, և եթե Կարեն Անդրեասյանը նշանակվի նախարար, ապա ինքը՝ Գրիգորյանը, պատրաստ է աշխատել Անդրեասյանի հետ։

Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին և տեսակետներին, որ այն արդարացված չէ և Հայաստանի պայմաններում չի աշխատի, Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ ծառայության ներդրումը համակարգվել է արդարադատության նախարարության կողմից՝ ոստիկանության աշխատակիցների հետ ամենօրյա և ամենաինտենսիվ ներգրավմամբ։ «Այս ռազմավարության իրականացումը ունի նաև համակարգման խորհուրդ, որը նախագահում է հանրապետության վարչապետը։ Այնտեղ ներգրավված են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Ինչ վերաբերում է ոստիկանությունում գործող ծառայողների մտավախություններին, ապա ասեմ, որ կատարվել են ուսումնասիրություններ, և դրանց արդյունքները և արդեն իսկ մեկ ամսվա ծառայությունը ցույց են տալիս, որ մարտահրավերներ դեռ կան, և դրանք հաղթահարելու համար աշխատանքներ ենք իրականացնում։ Օրինակ՝ խաչմերուկների կարգավորումը։ Մենք գտնում ենք, որ այստեղ անելիքներ ունենք և այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել», - ասաց Քրիստինե Գրիգորյանը։

Մեկնաբանելով տեսակետները, որ նախարարությունը թաքնված նպատակ է ունեցել ազատվել ոստիկանության համակարգում աշխատող ինտելեկտուալներից և հնաբնակներից, Գրիգորյանն ասաց. «Ո՛չ թաքնված, ո՛չ չթաքնված նման նպատակ չկա և լինել չէր կարող։ Մենք ունենք ծառայություն, որի համար պետք է զրոյից կրթել նոր ծառայողներ։ Սրա մասնագետները մենք չունեինք։ Ընդունելությունը հավասար հիմունքներով եղել է  բաց մրցույթով, որին կարողացել են դիմել նաև գործող ծառայողները։ Ծառայողների դեպքում դա եղել է վերապատրաստման ընթացակարգ, իսկ քաղաքացիների համար՝ կրթական պրոցես։ Շուրջ 700 ծառայողներից 1/3-ը գործող ծառայողներ են»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը։