Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության ոլորտում տարիներ շարունակ չի եղել բարեփոխումների քաղաքական կուրս․ ինչ խնդիր է լուծում պարեկային նոր ծառայությունը


Civic.am-ի հյուրը Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանն է։

 Հուլիսի 7-ից Երևանում կսկսեն աշխատել պարեկային ծառայողները, որոնք կփոխարինեն Ճանապարհային ոստիկաններին և Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին։ Գրիգորյանը նշեց, որ Պարեկային ծառայությունը փոխարինելու է վերը նշված այս երկու արտաքին ծառայություններին, բայց սխալ է ասել, որ գործառույթները մեխանիկորեն գումարվել են և ստեղծվել՝ նոր ծառայություն։ 

 «Այս ծառայության գործառույթների շարքում մենք լրացրել ենք նաև դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, քաղաքացիներին աջակցությունը, բայց սա ուղղակի գործառույթների ցանկում ավելացնելով չենք բավարարվել, այլ այս քաղաքացիակենտրոն մոտեցումը կարմիր թելով անցնում է իրենց բոլոր գործառույթների իրականացման միջով, և դա արտահայտվում է նրանց գործունեությամբ, նրանց ծառայության մեթոդաբանությամբ», - ասաց Գրիգորյանը։

 Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ 700 ծառայողների թվի որոշումը հիմնված է տարբեր հաշվարկների վրա։ 

 «Եթե պարզ թվաբանությամբ ասենք, ապա Երևան քաղաքում արտաքին ծառայություն իրականացնող ծառայողների գումարը շուրջ 200-ի չափով ավելին է, քան այն շարային ծառայողների թվակազմը, որ պարեկայինի դեպքում մենք գործարկելու ենք Երևանում։  Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ սկզբնական շրջանում Երևանում սա բավարար թիվ է ծառայությունը սկսելու համար, սակայն, հաշվի առնելով, որ այն նոր տեսակի ծառայություն է, մենք առաջին մի քանի ամիսներին շատ լուրջ մոնիթորինգ ենք իրականացնելու և հետևելու ենք՝ որո՞նք են այս ծառայության խնդիրները», - նշեց Քրիստինե Գրիգորյանը:

697 նոր ծառայողներից, ըստ Գրիգորյանի, 1/3-րդը գործող ոստիկաններ են, և բոլոր այն գործող ծառայողները, որոնք այս փուլերով անցել են և ապա ուսումնառության պրոցես են անցել՝ նրանք լսարանում առաջատարներ են եղել։
 
 Անդրադառնալով նոր ծառայողներին պատրաստող թիմին, Գրիգորյանն ասաց․ «Երբ խոսում ենք մասնագիտական կրթության կարևորության մասին, մենք բացի բովանդակությունը, նաև խոսում ենք կրթական միջավայրի, կրթական մեթոդաբանության մասին։ Անցյալ տարվա ամռանը մենք հայտարարեցինք դասընթացավարների բաց մրցույթ և միջազգային գործընկերների աջակցությամբ ներգրավեցինք ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի կարողանանք ապահովել բարձր մակարդակի վարձատրություն, որպեսզի շուկայի պրոֆեսիոնալներին կարողանայինք ներգրավել և կարողացել ենք ներգրավել բավականին լավ մասնագետների ՀՀ-ից, բայց քանի որ ծառայությունը երկրում նոր է և այս ծառայության մասնագետները երկրում չկան, մենք ներգրավել ենք նաև արտասահմանյան դասընթացավարների՝ ԱՄՆ-ից, Վրաստանից, և որպեսզի ինստիտուցիոնալ հիմք ձևավորենք, վերապատրաստել ենք մեր եղած դասընթացավարներին, ում ընտրել ենք մրցույթով, որպեսզի հաջորդ փուլերում արդեն ինքնաբավ լինենք»։
 
 Անդրադառնալով պարեկային ծառայողների տեխնիկական զինվածությանը և անհրաժեշտ զինման մակարդակին, Գրիգորյանը նշեց, որ հաշվի են առնվել, թե ինչ մարտահրավերների են բախվում ոստիկանները մեր երկրում։ «Պարեկային ծառայողները, իրենց առաջ դրված խնդիրների լուծման համար հագեցված են լինելու ժամանակակից ամենալավ տեխնիկայով, ռադիոհամակարգով, ամենաժամանակակից, իրավապահ համակարգի համար նախատեսված զենքով, ժամանակակից և ֆունկցիոնալ տրանսպորտային միջոցով, պղպեղային սփրեյ օդամղիչով, մահակով, բայց կարևորագույնը հաղորդակցությունն է, բանակցությունները և պրոֆեսիոնալ գործելը», - ասաց Քրիստինե Գրիգորյանը։
Գրիգորյանն անդրադարձավ նաև Ներքին գործերի նախարարության ստեղծմանը, նշելով, որ այն նաև նախընտրական ծրագրի մաս էր կազմում։ Նախագծի փաթեթը, ըստ Գրիգորյանի, երկու ամիս առաջ ուղարկվել էր ԱԺ, բայց արտահերթ ընտրությունների և նոր խորհրդարանի ձևավորման պատճառով Կառավարությունը ստիպված կլինի նախագիծն ուղարկել նոր ձևավորվող ԱԺ։

  «Տարիներ ի վեր մենք ունեցել ենք իրավիճակ, որ ոստիկանության ոլորտի օրենդրության քաղաքականության մշակումը եղել է բաց։ Ոլորտում չի եղել բարեփոխումների քաղաքական կուրս, որովհետև ոստիկանությունը օբյեկտիվորեն մասնագիտացված ծառայություն է։ Այն կատարում է այն գործառույթները, որը օրենքով այդ պահին իր առջև դրված է։ Ուստի մենք լուծում ենք միասնական քաղաքականության ապահովման հարցը և նաև՝ պատասխանատու քաղաքական պատասխանատուի և խորհրդարանի պատասխանատուի հարցը», - ասաց Քրիստինե Գրիգորյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա  Հակոբյան