Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քուշները ՀՀ նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի ու իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին

Քուշները ՀՀ նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի ու իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին
Քաղաքականություն / Միջազգային
20:18, 26 февраль 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Բեռնար Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով և այցելել է նաև Արցախ:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այս բարդ օրերին Հայաստան և Արցախ այցելելու և հայ ժողովրդի կողքին գտնվելու համար: «Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում»,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի կողմից աջակցության ջանքերը:

Բեռնար Քուշները Հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաև իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին: