Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են. ՀԱՊԿ քարտուղար

Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են. ՀԱՊԿ քարտուղար
Քաղաքականություն
11:15, 28 март 2024
Հայաստանը վերջին ժամանակներս չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցությունը դադարեցնելու մասին, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Դա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում: Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվային բազային լիովին համապատասխան»,- ասել է Տասմագամբետովը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունն աշխատում է կազմակերպության կողմից ընդունված կանոնակարգին ու ընթացակարգերին խստորեն համապատասխան։

«Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի ու ՀԱՊԿ հարաբերություններում: Չեմ թաքցնի, Հայաստանի վերնախավում որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգություն են առաջացնում: Բայց մենք հույս ենք դնում Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափության և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի վրա: Ընդգծում եմ, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գոյություն ունեցող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:  

Նա չի բացառել ՀԱՊԿ-ի ընդլայնման հնարավորությունը՝ նշելով, որ ռազմաքաղաքական դաշինքի պահանջարկը զգալիորեն աճում է։ Տասմագամբետովը նշել է, որ կազմակերպությունը «փափուկ դաշինքի» օրինակ է, դա է նրա ուժեղ կողմը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ առանցքային նշանակություն ունի նաև այն, որ ՀԱՊԿ-ն առաջնահերթություն է տալիս ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։