Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հերթական ապստամբությո՞ւն, կանտուզիայի հետևա՞նք, թե՞... Ռեբրենդինգ եղած «Սասնա Ծռերը»՝ ոստիկանության Նոր Նորքի բաժին զինված ներխուժման մասին

«Ազգային ժողովրդավարական բևեռը» այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որը ստիպված եղան անցկացնել դրսում, քանի որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտից խուզարկություն էին անցկացնում «Բևեռի» գրասենյակում։ Բացի գրասենյակներից, իրավապահները խուզարկություններ էին իրականացրել նաև «Բևեռի» անդամների և համակիրների բնակարաններում՝ կապված Նոր Նորքի ոստիկանություն՝ «Բևեռի» համակիրների զինված ներխուժման դեպքի հետ։ 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչություն հոդվածով։

ԱԺԲ անդամ Արա Պապյանն ասաց, որ զինված հարձակման մասին տեղեկացել են մամուլից, որից հետո կապվել են ոստիկանության հետ՝ առաջարկելով գնալ և բանակցել իրենց համակիրների հետ։

Արա Պապյանը իրենց համակիրների գործողությունները ապստամբություն որակեց։

2016 թվականին «Սասնա Ծռերը» իրենց գործողությունները ևս ապստամբություն էր որակում։ Նախկինում ընտրությունները կեղծվում էին, ընտրություններով հնարավոր չէր հասնել իշխանափոխության, և իրենց գործողությունները ստեղծված իրավիճակից որպես միակ ելք էին համարում «Սասնա Ծռերի» ներկայացուցիչները։ Հեղափոխությունից հետո ընտրություններն այլևս չեն կեղծվում, և ի՞նչ կարիք կա գնալ, այսպես կոչված, ապստամբության։ Արա Պապյանը նկատեց, որ հեղափոխությունից հետո էլ ընտրություններով իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Նաև պնդեց՝ թե՛ 2018-ի, թե՛ 2021-ի ընտրությունները կեղծվել են։ 
2018-ին չեն արձանագրել, որ ընտրությունները կեղծվել են, քանի որ, ըստ Արա Պապյանի, իմաստ չեն գտել դրանում։
Արա Պապյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդարացնո՞ւմ է իրենց համակիրների գործողությունները, թե՞ ոչ։ 

Իսկ Գարեգին Չուգասզյանը իրենց համակիրների զինված գործողությունները արդարացրեց երկրում տիրող աննորմալ իրավիճակով։
Չուգասզյանը նաև նկատեց, որ ոստիկանության շենք ներխուժած անձինք մասնակցել են 2020-ի պատերազմին, նաև կանտուզիա ստացել։ Այս ամենը «Բևեռին» ու նրա ներկայացուցիչներին սևացնելու, հրեշացնելու համար է արվում՝ նշում է Չուգասզյանը։ Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, կարող են արդար պոռթկումներ լինել, և ոչ միայն իրենց շրջանակներից։ 
Արդար պոռթկումներն, ըստ «Ժողովրդական բևեռի», պետք է ուղղորդել դեպի անհնազանդության գործողություններ։
Արա Պապյանի բնակարանում իրավապահները ևս խուզարկություն են իրականացրել։ Հայտնաբերել են իր գազային ատրճանակը՝ օրինական գրանցմամբ, և հեռախոսը։

Իսկ Չուգասզյանի բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է որդու որսորդական հրացանը՝ կրկին օրինական գրանցմամբ, և տիկնոջ ու իր համակարգիչները։

Հարցաքննության նրանք չեն հրավիրվել։ Հայտնաբերված նռնակները, որոնց մասին հաղորդել էր Քննչական կոմիտեն, Չուգասզյանի կարծիքով՝ հայտնաբերվել են ոստիկանության բաժին ներխուժած անձանց բնակարաններից։  
 
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան