Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավորների նոր մրցույթների թափանցիկության շնորհիվ դիմորդների թիվը կրկնակի է դարձել. Ջհանգիրյանը՝ Ջուլհակյանին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
Թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

Արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ դատավորների թափուր տեղերին առնչվող հարցին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հստակեցրեց, որ վերջին երկու մրցույթներում դիմորդների թիվը կրկնակի ավելի է եղել, քան այն տեղերը, որոնց համար այդ մրցույթները հայտարարվել են:

Գագիկ Ջհանգիրյանը այդ հանգամանքը բացատրեց հետևյալ կերպ. «Պատճառը դատավորների նոր մրցույթների թափանցիկությունն ու հրապարակայնությունն է, նաև մեր կողմից գործադրված ջանքերը. այդ մրցույթները մենք ուղիղ եթերով հեռարձակում ենք, մամուլի ներկայությունը թույլատրում ենք, թեստերը գաղտնի ենք պահում»:

Նա հույս հայտնեց, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցման կանդրադառնա դատավորների սոցիալական ապահովման խնդիրներին՝ և կենսաթոշակների, և աշխատավարձերի բարձրացման խնդիրներին: