Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Հովսեփ Բեդևյանը

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Ինչպես հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել է 88-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Հրաչ Այվազյան՝ կողմ 1, Հովսեփ Բեդևյան՝ կողմ 80, Լիանա Հակոբյան՝ կողմ 6»:

Այսպիսով Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Հովսեփ Բեդևյանը: