Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավորների մրցույթներին խրոնիկ «նեդաբոռ» է. ո՞նց լուծենք էդ խնդիրը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Հովսեփ Բեդևյանին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

«Դատավորների մրցույթներին գործ ենք ունենում խրոնիկ, այսպես կոչված, «նեդաբոռ»-ի հետ, և ԲԴԽ-ն հնարավորություն չի ունենում նորմալ ընտրություն կատարելու, որովհետև շատ քիչ թվով մարդիկ են դիմում»,- թեկնածու Հովսեփ Բեդևյանին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և հետաքրքրվեց, թե որն է դրա պատճառը:

Ի պատասխան՝ Հովսեփ Բեդևյանը նկատեց, որ դատավորի աշխատանքն այլևս գրավիչ չէ. «Լավ մասնագետները գնում են մասնավոր ոլորտ: Ցածր աշխատավարձով գերծանրաբեռնված աշխատանքը, կարծում եմ, գրավիչ չէ: Կարևոր է նաև հասարակության վստահությունը. դատարանների և դատավորների նկատմամբ հանրության տրամադրվածությունը ոչ այնքան լավ է»: 

«Բա որ դատավորներին չեն վստահում, ինչպե՞ս բարձրացնենք էդ դատավորների աշխատավարձը. հիմա ո՞նց լուծենք էդ խնդիրը»,- հարց բարձրացրեց պատգամավորը:

«Միասին»,- արձագանքեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն: