Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը ստիպված էր ընդունել, որ Արցախի հարցը լուծված չէ՝ Մինսկի խմբի հանդիպմանը ուղարկելով իր ԱԳ նախարարին, սակայն լուրջ ճնշում է պետք՝ Արցախի կարգավիճակի քննարկման համար

Ալիևը ստիպված էր ընդունել, որ Արցախի հարցը լուծված չէ՝ Մինսկի խմբի հանդիպմանը ուղարկելով իր ԱԳ նախարարին, սակայն լուրջ ճնշում է պետք՝ Արցախի կարգավիճակի  քննարկման համար
Քաղաքականություն
20:30, 27 сентябрь 2021
Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել։ Նախ՝ նա սեպտեմբերի 23-ին հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպմանը մասնակցել էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Ապա, սեպտեմբերի 24-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Նույն օրը համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության կառուցման հարցերով տեղակալի հետ:

Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը պատերազմից հետո բոլոր պատեհ և անպատեհ առիթներով կրկնում էր, որ Արցախի հարցն այլևս լուծված է, և որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի, Արցախի կարգավիճակի հարց օրակարգում չկա, նույն օրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ուղարկելով ԱԳ նախարարին՝ ընդունեց, որ Արցախի հարցը լուծված չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անելիք ունի, իսկ Արցախի կարգավիճակի հարցն օրակարգում է։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ալիևի այս քայլին, նշեց, որ միայն ժամանակը ցույց կտա հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիազորությունների տիրույթում լուծելու նրա պատրաստակամությունը։

«Միայն ժամանակը ցույց կտա՝ Ալիևի կողմից այդ փաստի ընդունումը ինչ ազդեցություն կունենա։ Առաջիկայում կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն։ Բայց այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի բանակցային գործընթացը սկսվի, ակնհայտ է: Ալիևը ստիպված է ընդունել այդ փաստը»,- ընդգծեց Արցախի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այդ գործընթացն արագացնելը ներկայումս բարդ է։ Ըստ նրա՝ այժմ հիմնական շեշտը դրվելու է խաղաղության և կայունության պահպանման, խաղաղապահ առաքելության ժամկետների երկարացման վրա: «Մտածել, որ մեկ օրում կամ մեկ ժամում կտրականապես փոխվելու են հատկապես Ադրբեջանի մոտեցումները՝ շատ ու շատ վաղաժամ է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ Ալիևն այդ հանդիպման ժամանակ միայն ձևական կողմն է պահել, և նա շարունակում է  մնալ այն կարծիքին, որ Արցախի հարցը լուծել է, և չի փորձելու սուբստանտիվ բանակցություններ վարել ղարաբաղյան կարգավորման հարցով. «Մի կողմից՝ Ալիևն այդպես է կարծում, մյուս կողմից՝ նա չի կարող միջազգային  հանրությանը՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին, որոնք համանախագահող երկրներ են, ուղարկել պատմության գիրկն ու համարել հարցը լուծված։ Հետևաբար նա ստիպված է  մասնակցել այդ հանդիպմանը, բայց առաջիկա տարիներին ամեն ինչ անելու է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կամ բանակցութուններ չտարվեն, կամ դրանք կրեն ֆորմալ բնույթ։ Դա է Ալիևի նպատակը։ Նա ապագայում փորձելու է տիրանալ Արցախի մնացած հատվածին և այդկերպ հարցը վերջնական լուծել»,- ասաց Վարդանյանը։ 

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը միայն լուրջ ճնշման պարագայում կարող է սկսել ղարաբաղյան կարգավորման հարցում լուրջ բանակցություններ՝ Արցախի կարգավիճակի հարցի քննարկում: Բայց ներկա մթնոլորտում, ներկա պայմաններում, երբ այդ ճնշումը չկա, Ռուսաստանն էլ առանձնապես շահագրգռված չէ Արցախի կարգավիճակի հարցի քննարկմամբ, հետևաբար լուրջ ակնկալիքներ ունենալ չի կարելի և չի կարելի սպասել, որ Ադրբեջանը կարգավիճակի հարց կքննարկի։