Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«3+3» ձևաչափում Թուրքիան մեզ համար Արևմուտք չէ. այս ուղերձը պետք է հղել Արևմուտքին. Արման Բաբաջանյան

«3+3» ձևաչափում  Թուրքիան մեզ համար Արևմուտք չէ. այս ուղերձը պետք է հղել Արևմուտքին. Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
15:02, 09 октябрь 2021
«Շատ կարևոր է հասկանալ, թե «3+3»-ում արդյոք Վրաստանը ներկայացնո՞ւմ է Արևմուտքին, թե՞ ոչ, որովհետև Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պիտի այս կամ այն կերպ ներկայացված լինեն: Մինչև հիմա վրացական կողմի դժկամությունը այդ ձևաչափին մենք պայմանավորում էինք նրանով, որ կարծես Արևմուտքն այնքան էլ խանդավառված չէր «3+3»-ով և Վրաստանին հետ էր պահում: Հիմա Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վերջին հայտարարությունը կարող է նշանակել, որ Արևմուտքում որոշակիորեն փոխվում է վերաբերմունքը «3+3»-ի նկատմամբ, քանի որ Մինսկի խմբի գործունեության վերագործարկման իրական հնարավորություն է ստեղծվել, ինչը կարող է հավասարակշռություն բերել «3+3»-ին»,- այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրացմանը և Իրանի ակտիվացմանը տարածաշրջանային խնդիրներին թեմայով քննարկմանը նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

 Նրա խոսքով՝ կարևոր է Արևմուտքին հասկացնել, որ չենք կարող բավարարվել Արևմուտքի մասնակցությանը այդ ձևաչափին վրացական ներկայությամբ. «Եվ երկրորդ ուղերձը՝ այդ ձևաչափում Թուրքիան մեզ համար Արևմուտք չէ, Արևմուտքն ինքը պետք է լինի այդ ձևաչափում, որտեղ Հայաստանը պետք է մասնակցի»:

Խոսելով Իսրայելի մասին՝ Արման Բաբաջանյանը կարծում է, որ Իրանի հայտարարությունների համատեքստում փորձում են Հայաստանը գցել հակաիսրայելական բլոկի մեջ. «Մենք չպիտի թույլ տանք, որ իրանա-ադրբեջանական այս թնջուկում հանկարծ հայտնվենք հակաիսրայելական բլոկում: Մենք հիմա առավել ևս պիտի ջանանք հարաբերություններ կառուցել և խորացնել Իսրայելի հետ»: