Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանա-թուրքական տանդեմի գործողությունները միտված են «Զանգեզուրի միջանցքը» բացառելու Իրանի դիրքորոշման դեմ. Արմեն Պետրոսյան

Ադրբեջանա-թուրքական տանդեմի գործողությունները միտված են «Զանգեզուրի միջանցքը» բացառելու Իրանի դիրքորոշման դեմ. Արմեն Պետրոսյան
Քաղաքականություն
14:11, 09 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հրավիրել է քննարկում՝ նվիրված Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրացմանը և Իրանի ակտիվացմանը տարածաշրջանային խնդիրներին:

Բացելով քննարկումը՝  կուսակցության խորհրդի անդամ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ այս քննարկման նպատակն է հասկանալ, թե որն է Հայաստանի անելիքը, ինչ շահեր ունի Հայաստանը, եթե, իհարկե, դրանք կան. «Մեր խնդիրն է վեր հանել զարգացումների պատճառահետևանքային կապերը»:
Արման Բաբաջանյանի խոսքով՝ նախաձեռնությունը ամբողջությամբ ապաքաղաքական է, որպեսզի փորձագետները, մտածող մարդիկ հավելյալ հարթակ ունենան և լրացվի վակուումը, «որպեսզի դա չլրացվի նույնիսկ մեր հակառակորդների կողմից մեր լրատվական դաշտ նետվող տարբեր աղբյուրների լրատվությամբ, որոնք երբեմն կործանարար ազդեցություն են ունենում մեր հասարակական կարծիքի համար»: «Վերջին ընտրություններից հետո՝ պահպանողականների իշխանության գալուց հետո, Իրանն ուզում է վերադառնալ տարածաշրջան և ակտիվ դերակատարություն ստանձնել»,- հավելեց նա:

Փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարումը ուղիղ հետևանք է 44-օրյա պատերազմի արդյունքում տարածաշրջանում փոփոխված ուժային բալանսի և դրա արդյունքում հաջողություն արձանագրած թուրք-ադրբեջանական դաշինքի քաղաքականության, որը միաժամանակ գործում է Իրանի դեմ երկու մակարդակներում՝ միկո և մակրո մակարդակներում. «Պատերազմում իր դիրքը զիջել է միանշանակ նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Թուրք-ադրբեջանական դաշինքի նպատակն է Իրանը դուրս թողնել տարածաշրջանային զարգացումներից և հնարավորինս թուլացնել Ադրբեջանի կախվածությունը Իրանից»:

Իրանը կարմիր գիծ է համարում սահմանների անխախտելիությունը և շեշտադրում է «Զանգեզուրի միջանցքի» հանգամանքը, նշեց փորձագետը և հավելեց. «Զանգեզուրի միջանցքի բացառումը, որպես այդպիսին, ներկայում բավականաչափ կարևոր խնդիր է, որով Իրանը կարող է վերադառնալ տարածաշրջան»:

Փորձելով հարցը շաղկապել Հայաստանի շահերի հետ՝ Արմեն Պետրոսյանը նկատեց. «Մենք, ի դեմս Իրանի, տարածաշրջանում ունենք միակ դերակատարը, որը բացեիբաց Հայաստանի կողքին է և բացառում է Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցը: Չի բացառվում նաև, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի այդ գործողությունները միտված են Իրանի այս դիրքորոշման փոփոխությանը»: