Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱԺ անցած ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող բանդիտական խմբավորումները կարող են վիժեցնել բարեփոխումների ցանկացած փաթեթ»․ Արման Բաբաջանյան

 Civic.am-ի հյուրը պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է։

Անդրադառնալով ՍԴ վերջին որոշմանը, որով, ըստ էության անփոփոխ թողնվեց ընտրությունների արդյունքները, Բաբաջանյանը նշեց, որ կար մտահոգություն, որ դատարանը կարող էր ոտնձգել ժողովրդի իշխանության նկատմամբ։  

«Մենք դատավարության ամբողջ ընթացքում տեսանք շատ որոշակի քաղաքական դիրքորոշում և կողմ հանդիսացող դատավորների կեցվածք, նկատի ունեմ առնվազն երկուսին՝ Հրայր Թովմասյանին և Արևիկ Պետրոսյանին, որոնց մասնակցությունը առհասարակ այս ամբողջ գործընթացին անհասկանալի էր, որովհետև պետք էր միջնորդել, որպեսզի թե՛ մեկը, թե՛ մյուսը իրենց առնչությունների և կապվածության առումով չմասնակցեին այս գործով նիստին, որը չեղավ։ Այսօր բացահայտված քվերակության արդյունքները ցույց են տալիս, թե պետության ընդերքում ինչպիսի ռումբ ենք մենք պահում ի դեմս այս դատարանի և դատարանի այս կազմի, և սա ի ցույց է դնում այն խնդիրները, որոնք առաջիկայում ևս կարող են ի հայտ գալ, երբ, իմ գնահատմամբ, ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող այս բանդիտական խմբավորումները, որոնք Ազգային ժողով են անցել, կարող են ամեն անգամ բարեփոխումների ցանկացած փաթեթ տանել ՍԴ, և դատարանի այս կազմով վիժեցնել շատ կարևոր գործընթացներ», - ասաց Արման Բաբաջանյանը։  

Ըստ Բաբաջանյանի, պետք է հասկանալ՝ արդյոք դատարանի նկատմամբ արտաքին ներգործություն է եղել՝ երկրից դուրս և երկրից ներս որոշ ուժեր ազդե՞լ են  այս դատավորների որոշման վրա։  

«Սա պետք է ԱԱԾ-ի կողմից դառնա ուսումնասիրության առարկա, որպեսզի մենք կարողանանք առաջիկայում չեզոքացնել ռիսկերը, որոնք կարող են ամեն վայրկյան ուղղակի պայթել»,- նշեց Արման Բաբաջանյանը։  

Խոսելով արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ հարթակի ձևավորման մասին, Բաբաջանյանը նշեց, որ դեմ է վարչապետ Փաշինյանի առաջարկած ձևաչափին և գտնում է, որ պետք է այդ միավորումը լինի գաղափարական հենքի վրա։  «Ես բարդ եմ պատկերացնում, օրինակ, իմ և Տիգրան Ուրիխանյանի՝ միևնույն սեղանի շուրջ բարեփոխումների օրակարգի շուրջ քննարկումը, իմ և Էդմոն Մարուքյանի՝ նույն սեղանի շուրջ բարեփոխումների օրակարգով քննարկումը։ Մենք հասկանում ենք, որ սա աշխատող հարթակ դառնալու համար պետք է գաղափարական ընդհանրություն լինի այն քաղաքական ուժերի միջև, որոնք Հայաստանի ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը համարում են անքննելի արժեքներ», - նշեց Արման Բաբաջանյանը։  

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, պատգամավորը նշեց, որ Ալիևը շատ լավ հասկանում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի, կա միայն հայ-ռուսական հարաբերություններ։  

«Կարծում եմ Ալիևը այս կամ այն կերպ, ընտրություններից հետո իրեն ազատ է զգում այսպիսի հայտարաություններ անել, իսկ այդ հայտարարությունները մի բանի վկայություն են՝ Ալիևին չի հաջողվել Հայաստանին միայնակ թողնել Զանգեզուրի միջանցքի հարցում։ Հայաստանը կարողացել է այդ հարցում գործընկերներ ունենալ գետնի վրա՝ Մինսկի խումբ, այդ թվում՝ Ռուսաստան։ Այստեղ կարևոր է, որպեսզի նվազեցնենք Թուրքիայի դերը և թույլ չտանք, որպեսզի վերջինս դերակատարություն ստանա, իսկ դրա միակ հնարավորությունը Մինսկի խմբի դերակատարության ակտիվացումն է», - ասաց Արման Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Վովա Հակոբյան