Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տասը ոլորտներում ՀՀ տնտեսվարողները հնարավորություն կունենան մասնակցելու ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումներին. ԱԺ հանձնաժողովում քննարկում են օրակարգային հարցերը

Տասը ոլորտներում ՀՀ տնտեսվարողները հնարավորություն կունենան մասնակցելու ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումներին. ԱԺ հանձնաժողովում քննարկում են օրակարգային հարցերը
Քաղաքականություն
17:22, 11 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումների մասնակցության և շուկաների հասանելիության հիմնախնդիրները ՀՀ գործարարների համար և ԵԱՏՄ 2020-2025թթ. խոշորագույն արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը մեր հանրապետությունում։ 

Հիմնական զեկուցողն էր էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, որն անդրադառնալով օրակարգի առաջին հարցին՝ նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումներին ՀՀ տնտեսվարող սուբյեկտների մասնակցության հնարավորությունը նոր նախաձեռնություն է. «2020թ. նոյեմբերին ԵԱՏՄ-ում ընդունվեց որոշում, որ ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան հավասար իրավունքներ պետական գնումներին մասնակցելու համար։ Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ 10 խոշոր ոլորտներում ԵԱՏՄ երկրները կունենան համահավասար իրավունք։  ՀՀ տնտեսվարողների մասնակցության իրավունքը հետևյալ ձևով է. ներկայացնում են սահմանված կարգի իրենց փաստաթղթերը, գրանցվում են ռեեստրում, և ռեեստրում գրանցված ընկերությունները հնարավորություն ունեն մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող գնումներին»։

Փոխնախարարի խոսքով՝ այդ ռեեստրը վարվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից. «Ազգային ռեեստրը սինխրոն է ԵԱՏՄ ռեեստրում։ ՀՀ-ում ռեեստրը վարելու լիազոր մարմինը էկոնոմիկայի նախարարությունն է»։  

Վարոս Սիմոնյանը նշեց նաև, որ Ռուսաստանում կա հետևյալ ոլորտների պահանջարկը՝ հաստոցաշինություն, մեքենաշինություն, կահույքի և մշակման արդյունաբերություն, երկաթուղային մեքենաշինություն, կոմպրեսորային և սառնարանային արտադրություն, թեթև և քիմիական արդյունաբերություն և նավաշինություն. «Առաջին հայացքից երևում է, որ մենք չունենք արտադրական հզորություններ նավաշինության կամ կահույքագործության, փայտամշակման ոլորտում, բայց մեր կողմից սա օգտագործվում է որպես ռազմավարական դիրքավորում՝ օտարերկրյա պետություններին ներդրումների մեջ ներգրավելու միջոց։ Սա ոչ միայն մեր տնտեսվարողների համար է լավագույն հնարավորություն՝ մասնակցելու և իրենց արտադրությունը ներկայացնելու, այլև ներդրումներ ներգրավելու հնարավորություն է։

Այսինքն՝ իրանական կամ մի շարք այլ ընկերություններ կարող են գործունեություն հաստատել Հայաստանում, այս տասը ոլորտների մեջ ներգրավված արտադրանք իրականացնել ու մասնակցել այդ գնումներին»։