Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ կարծում, որ «3+3»-ը քննարկման արդյունքում միս ու արյուն կստանա. Ստյոպա Սաֆարյանը` Փաշինյան- Պուտին վաղվա հանդիպման մասին

Չեմ կարծում, որ «3+3»-ը քննարկման արդյունքում միս ու արյուն կստանա. Ստյոպա Սաֆարյանը` Փաշինյան- Պուտին վաղվա հանդիպման մասին
Քաղաքականություն
20:05, 11 октябрь 2021
Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Հանդիպման օրակարգն առայժմ հայտնի չէ։ Ի՞նչ հարցեր կքննարկեն Ռուսաստանի Դաշնության նախագահն ու Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ փորձեցինք վերլուծել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ։ 
 
Ըստ Սաֆարյանի՝ Ռուսաստանի օրակարգում   հիմնականում եռակողմ երկու ֆորմատների զարգացումն է։ Մեկը՝ Արցախում խաղաղապահության մասով, հատկապես վերջին միջադեպից հետո, երբ մարտակերտցի տղամարդ զոհվեց ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից՝ ռուս խաղաղապահների հենց կողքին։ «Սա, կարծում եմ, Ռուսաստանի համար լուրջ ահազանգ է, որովհետև այդ նույն կրակոցից  կարող էր սպանվել նաև ռուսաստանցի խաղաղապահը։ Այդպիսի թիրախավորումը Ադրբեջանի կողմից ամենևին դուրս չէ վերջին ամիսների տրամաբանությունից, որով փորձ է արվում շանտաժի ենթարկել ռուս խաղաղապահներին և փակել Արցախի խնդիրը։ Ռուսաստանը այս հարցը լուծելու կարիք ունի, հատկապես, երբ խաղաղապահների մանդատը ստորագրված չէ, ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետը։ Եվ հետաքրքիր է, որ այդպիսի հայտարարություններ չի արել ՌԴ կողմը, այլ ՀՀ-ն, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն Հայաստանի միջոցով է հիշեցնում Բաքվին, որ ինքը խնդիր ունի լուծելու»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։ 

Ըստ Սաֆարյանի՝ երկրորդ հարցը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հունվարի 11-ի եռակողմ հայտարարության գործընթացներն են, որն ընտրություններից առաջ տորպեդահարվեց գերիների վերադարձի պարտավորությունը Ադրբեջանի կողմից չկատարելու համար և վերածվեց սեպտեմբերին Հայաստանի հաղորդուղիների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների, ինչը անդրադարձավ նաև Իրանի վրա։ «Ինչպես նկատում ենք առաջիկա օրերին սպասվող իրադարձություններից՝ Հայաստան կատարվող այցերը և Հայաստանից դուրս կատարվող այցերը սերտորեն կապ ունեն այս մեծ մայրցամաքային հաղորդուղիների հետ. Հնդկաստանի արտգործնախարարի եզակի այցը Հայաստան, որը տարածաշրջանային այց է»,- նշեց Սաֆարյանը։

Հայաստանը, ըստ Սաֆարյանի, դիտարկվում է բավականին խոշոր առևտրային և հաղորդակցական ուղու մաս, որտեղ նրա տարածքը ստրատեգիական է դառնում։ Այս խոշոր խնդիրները չեն կարող Ռուսաստանի ուշադրությունից դուրս լինել։ «Իմ կարծիքով՝ Ռուսաստանի պրոյեկտը կոնֆլիկտ չունի այս խոշոր պրոյեկտի հետ։ Հաղորդակցությունների բացման եռակողմ պրոյեկտը առանձնապես խորը հակասություններ չունի Միջերկրական ծով, Սև ծով Վրաստան, Հայաստան, Իրան, Հնդկաստան, Ճապոնիա՝ այս ահռելի գծով հաղորդակցության պրոյեկտի հետ, որովհետև, իհարկե, այն թույլ է տալիս այս երկրներին դուրս գալ դեպի Եվրոպա, բայց մյուս կողմից էլ՝ դեպի Ռուսաստան։ Այսինքն՝ Ռուսաստանը նույնպես այս պրոյեկտի շահառու է դառնում՝ հատկապես, որ պատերազմից հետո բավականին ամրապնդել է դիրքերը Հայաստանի, նաև՝ Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման ընթացքում խոսք գնա նաև Լավրովի առաջարկած թուրքական առաջարկի՝ «3+3»-ի մասին, Սաֆարյանն ասաց. «Ես էն կարծիքին չեմ, որ ռուսական կողմը անկեղծ է, երբ ժամանակ առ ժամանակ հրապարակ է նետում «3+3»-ը։ Իհարկե, սա Ռուսաստանի համար հակակշիռ է ընդդեմ Արևմուտքի խաղալու համար, բայց մի բան բերեք հաշվի առնենք, որ Ռուսաստանը, իմ կարծիքով, դա ավելի շատ ոչ միայն տակտիկական նպատակներով է առաջ բերում, այլ նաև ուղղակի Թուրքիային հանգստացնելու համար, որ ինքը կա էս պրոցեսներում, դուրս մղված չէ։ Ի վերջո, այդ ամբողջ բարդ մատրիցան աշխատեցնելով՝ Ռուսաստանը հասել է նրան, որ բոլորը գնում են դեպի իրեն։ Չեմ կարծում, որ «3+3»-ը կքննարկվի և միս ու արյուն կստանա»։   

Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ եթե Ռուսաստանը ավելի մեծ թվով կողմերի ներգրավվածության խնդիր դներ, ապա նոյեմբերին ավելի շատ կողմեր կստորագրեին փաստաթուղթը, բայց ինքը գտել է, որ դա երեք կողմ պետք է ստորագրի։ «Երեքից դուրս այլ երեք չկա։ Սա արդեն բավականին խոսուն նշան է, թե ինչպիսին է Ռուսաստանի պաշտոնական վերաբերմունքը այս կոնֆիգուրացիաներին։ Դա նշանակում է, որ այդ ֆորմատում, իրենից դուրս որևէ մեկին չի տեսնում։ Տեսնում է խաղի մեջ որպես գործընկերներ, երբ պետք է սրա դեմ խաղալ, նրան զսպել, բայց ինքը այդ ամբողջը արդեն ֆիքսել է, թե որն է առանցքը»,- եզրափակեց Ստեփան Սաֆարյանը։