Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոսակցությունները, որ Գյումրիում Արա Զոհրաբյանի «Զարթոնք»-ին աջակցել է Քոչարյանը, 100 տոկոսով հիմնավոր են. Արտյոմ Թումանյան

Խոսակցությունները, որ Գյումրիում Արա Զոհրաբյանի «Զարթոնք»-ին աջակցել է Քոչարյանը, 100 տոկոսով հիմնավոր են. Արտյոմ Թումանյան
Քաղաքականություն
22:22, 18 октябрь 2021
«Գյումրեցին դեռ իր խոսքն ասելու է, այսքանով ամեն ինչ չի վերջացել։ Իսկական պայքարող գյումրեցին դեռ իր խոսքն ասելու է։ Ընտրությունների արդյունքները  վճիռ չեն։ Դեռ ավագանու նիստ պետք է կայանա ու դրանից հետո նոր բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանը՝ անդրադառնալով կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններին։

 Ինչպես հայտնի է Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների և բավական ցածր մասնակցության պայմաններում «Բալասանյան» դաշինքը ստացել է  36․58, ՔՊ-ն՝ 29.56, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60, «Ապրելու երկիրը»՝ 5.65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս ձայն։

Կիրակի օրը Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների անակնկալը թերևս նորահայտ «Զարթոնք» կուսակցության ստացած ձայներն էին։   

 Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի արդեն նախկին  նախագահ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանի ղեկավարած «Զարթոնք» կուսակցությունը ի հայտ եկավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Այդ ընտրությունների ժամանակ կուսակցությունը, ինչպես և սպասվում էր, բավական քիչ ձայն էր ստացել, սակայն այս ընտրություններին, նորահայտ կուսակցության ստացած 10,60 տոկոսը շատերին է զարմացրել, բայց և տրամաբանական է համարվում։ Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝«Զարթոնք» կուսակցությանն աջակցել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

 Արտյոմ Թումանյանից ևս հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Արա Զոհրաբյանի «Զարթոնք»-ին աջակցել է Քոչարյանը․«Այդ խոսակցությունները, լուրերը 100 տոկոսով հիմնավոր են։ Այս պայմաններում 10-13 տոկոս ձայն հավաքելը հեշտ բան չէ, դա մեծ արդյունք է՝ չունենալով առանձնապես մեծ հնարավորություններ։ Վարդևան Հակոբյանը կյանքում չէր կարող 13 տոկոս ձայն հավաքել։ Իր կողքին կանգնած է ողջ Դաշնակցությունը և Քոչարյանը։ Ժամանակ առաջ կառավարության դիմաց ցույցեր էին անում, ինչ-որ հարցեր էին բարձրացնում վարչապետի դեմ, ու ես այդտեղ տեսել եմ նաև   «Զարթոնք» կուսակցությանը իրենց թիմով։ Հիմա ես իմ տեսածին հավատա՞մ, թե՞ շրջանառվող տեղեկություններին։ Շատ մեծ փակագծեր չեմ ուզում բացել, բայց ընտրություններին մասնակցած 10 կուսակցություններից առնվազն երկուսը հստակ Քոչարյանի համար են աշխատել և աշխատում»,- ասաց Թումանյանը։

Արա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հերքեց Քոչարյանի աջակցության վերաբերյալ տեղեկությունները։ «Ոչ։  Չկա  նման բան։ Դա ապատեղեկատվություն է»,- ասաց Զոհրաբյանը։

Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ իրենց հաջողվեց այդքան ձայն ստանալ, Զոհրաբյանը պատասխանեց․«ԱԺ ընտրությունների ժամանակ մենք մի քանի օրվա կուսակցություն էինք, շատ պատրաստված չէինք, կուսակցությունը մարդկանց  ծանոթ չէր, մեծ թիմ չունեինք, համագործակցություն չկար: Իսկ Գյումրիում մենք լավ թիմ ձևավորեցինք, լավ մարդկանց հետ շփվեցինք, ծանոթացանք, մեր թեկնածուն էլ հեղինակություն ունեցող մարդ է ու համագործակցելով գնացինք առաջ։ Այնպես որ այստեղ մեր զարգացման ուղին շատ պարզ երևում էր»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրենք գոհ չեն ընտրությունների արդյունքներինց, ավելին էին ակնկալում և առաջիկայում փորձելու են արժանանալ քաղաքացիների վստահությանը։ 

Ինչ վերաբերում է ընտրություններին առհասարակ, ապա Արտյոմ Թումանյանի խոսքով, մի բան հստակ է՝ Գյումրիում գումար, ընտրակաշառք և նման այլ երևույթներ չեն եղել, ժողովուրդը ընտրել է ում ցանկացել է ․«Երբեք պետք չէ համեմատել Գյումրու ընտրությունները արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ։ Գյումրին փոքր քաղաք է, մեկը մյուսին ճանաչում են, ազգով, բարեկամներով։ Որքան էլ կուսակցական լինի, համամասնական ընտրակարգ և այլն, մեկ է ծանոթ բարեկամ հանգամանքն աշխատում է  փոքր ընտրությունների ժամանակ»։ 

 ՔՊ-ի պարտությունն էլ Թումանյանը բացատրեց այսպես. «Խնդիրը թեկնածուի ընտրության մեջ էր, որքան էլ գյումրեցիները ընդունեն, սիրեն, հարգեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց թեկնածուի թուլությունը թույլ չտվեց, որ  իշխող կուսակցությունը հաղթանակ ապահովեր»։