Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիրելի կապանցիներ, ընտրելով Փարսյանին՝ ընտրում եք Քոչարյանին. Վահագն Ալեքսանյանը բացատրեց ընդդիմության տեխնոլոգիան

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթում հայտարարեց. «Քանի որ տիկին Կյուրեղյանը բացեց Պանդորայի արկղը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ խոսքով, ես ձեր թույլտվությամբ երևի թե փակեմ այն: Տիկին Կյուրեղյան, երբ խոսում եք ՏԻՄ ընտրությունների մասին և կոչ եք անում չընտրել այս ուժին, բայց չեք առաջարկում ընտրել ձեր ուժին, դա շատ լավ մատնում է այն քաղաքականությունը, որ դուք վարում եք այս ընտրություններում»:

Նա ներկայացրեց, թե ինչ տեխնոլոգիա են կիրառում դահլիճի աջ հատվածում նստած գործընկերները. «Նրանց PR մասնագետները, վստահ եմ՝ բավականին բարձր վարձատրվող, մի խորհուրդ են տվել, ասել են՝ ինչ թեկնածու ուզում եք՝ առաջադրեք, ում ուզում եք՝ բերեք, ինչ ուզում եք՝ արեք, մենակ դուք մի գնացեք, մենակ թող ձեզ հետ չասոցացվեն»: 

Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ նույնը տեղի ունեցավ Գորիսում Առուշ Առուշանյանի դեպքում, որտեղ «Հայաստան» խմբակցությունը փորձեց ամեն կերպ զերծ մնալ քարոզարշավին մասնակցելուց, ամեն կերպ զերծ պահել Առուշ Առուշանյանի անունը Ռոբերտ Քոչարյանի անունից. «Իսկ հետո էլ ասացին՝ այ տեսաք, մենք հաղթեցինք»:

Դիմելով կապանցիներին՝ պատգամավորն ասաց. «Նույնը հիմա տեղի է ունենում ձեզ մոտ. նույն Ռոբերտ Քոչարյանի թիմը, որն ամեն կերպ փորձում է իրեն հեռու պահել Գևորգ Փարսյանից, նույն կերպ սատարում է Գևորգ Փարսյանին: Եվ ընտրելով Գևորգ Փարսյանին՝ դուք ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին և նրա թիմը»:

Վահագն Ալեքսանյանը նկատեց, որ նրանք մեկ տեղ են իրենց դեմքով մասնակցում՝ Իջևանում. «Իջևանում ՀՅԴ-ն մրցում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր դեմքով: Այդ ընտրությունների արդյունքները ես խոստանում եմ այս ամբիոնից հրապարակել»: