Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստորեն դուք ձեր գործընկեր Իշխան Սաղաթելյանին մեղադրում եք հազարավոր զինվորներին սպանելու կոչ անելու մեջ. Վահագն Ալեքսանյանը՝ Ղազինյանին

«Ձեր բոցաշունչ ելույթում խոսեցիք ՀՀ վարչապետի ստացած բանակցային ժառանգության մասին և համարեցիք լավ ժառանգություն: Ես ուզում եմ հարցնել՝ ո՞ր ժառանգությունն էր լավը՝ երբ Նիկոլ Փաշինյանից երկու շաբաթ առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ բանակցային սեղանը փաստացի գտնվում է փակուղում. սա՞ էր ձեր պատկերացրած լավ ժառանգությունը, թե՞ պետք էր գիտակցել, որ բանակցային ամենալավ կապիտալը բանակի հզորությունն է. այդ կապիտա՞լն էր լավը: Դուք նաև էստեղ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի փաստաթղթերը քննելիս կտեսնեք, թե ինչքան լավն էր այդ ժառանգությունը»,- դիմելով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանին՝ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը:

Անդրադառնալով Ղազինյանի այն դիրքորոշմանը, որ հոկտեմբերի 19-ին հրադադարի առաջարկը մերժելը փաստացի սպանություն էր, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Փաստորեն դուք ձեր գործընկեր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանին մեղադրում եք սպանություն հրահրելու մեջ, որովհետև նա հենց այդ նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին, տեղեկանալով, որ կա նման հնարավորություն, մտնում է լայվ և հայտարարում, որ չի կարելի որևէ պայմանով համաձայնել այդ հրադադարին: Այսինքն՝ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել սպանե՞լ հազարավոր զինվորիների, պարոն Ղազինյան: Դուք հիմա նստած եք Իշխան Սաղաթելյանի գործընկերոջ կողքը, գտնում եք, որ պոտենցիալ մարդասպանների միջավայրո՞ւմ եք նստած»:

Վահագն Ալեքսանյանը հավելեց, որ քաղաքական գործիչը իր յուրաքանչյուր խոսքի համար պետք է պատասխանատվություն կրի:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ քաղաքացիների ընդունելության և հանձաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: