Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես Ձեր ոչ մի տեսակետը չեմ ընդունում և կողմ չեմ քվեարկելու Ձեզ. Վահագն Ալեքսանյանը՝ Արթուր Ղազինյանին

Ես Ձեր ոչ մի տեսակետը չեմ ընդունում և կողմ չեմ քվեարկելու Ձեզ. Վահագն Ալեքսանյանը՝ Արթուր Ղազինյանին
Քաղաքականություն
15:32, 31 август 2021
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ընթանում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ էր առաջադրված «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Արթուր Ղազինյանին հարցեր ուղղելուց ու պատասխաններն ստանալուց հետո շեշտեց, որ Ղազինյանի ոչ մի տեսակետը չի ընդունում և կողմ չի քվեարկելու: «Երբ ասում եք, որ ԳՇ պետը 4-րդ օրը խնդրել է կանգնեցնել պատերազմը՝ սուտ է, որովհետև Անվտանգության խորհուրդը գաղտնազերծել է հատվածները, թե ինչ է ասել ԳՇ պետը»,- ասաց Ալեքսանյանն ու մեջբերեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խոսքերը. «Մարտավարական առումով իրավիճակն անփոփոխ է, և հակառակորդը որևէ առաջընթաց չի ունեցել, զորքերն իրենց խնդիրը կատարում են։ Առավոտյան մի փոքր գործողություն ձեռնարկեցինք  Ջաբրայիլի ուղղությամբ՝ հաջողություններ ունեցանք։ Շարունակում ենք մեր խնդիրը կատարել և մինչև վերջ շարունակելու ենք կատարել»։

ՔՊ պատգամավորն ավարտելով խոսքը՝ հռետորական հարց ուղղեց Արթուր Ղազինյանին. «Դուք էստեղ որտե՞ղ եք տեսնում պատերազմը դադարեցնելու խնդրանք։ Ես չեմ տեսնում»։ 

Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց նաև, թե որ պահից սկսած «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդը՝ Վազգեն Մանուկյանը, սկսեց զանգել բանակի գեներալներին՝ խնդրել, որպեսզի բանակի գեներալները կռիվը տեղափոխեն Երևան. «Այսինքն՝ կատարեն ոչ թե իրենց բուն պարտականությունները, այլ խնդրեն պատերազմի դադարեցումն ու փորձեն այդ ամեն ինչը բերել Երևան՝ իշխանությունը բռնազավթելու համար»։ 

ՔՊ պատգամավորի մեկնաբանմամբ՝ ԳՇ-ն չի կարող իր քաղաքական նախընտրություններից ելնելով պահանջել այս կամ այն քաղաքական իշխանության հրաժարականը. «Չի կարող դա փաթեթավորել ցանկացած հայրենասիրական թեզով՝ իբր արհավիրք է կախված, ու մինչև վերջ էլ չներկայացնի այդ արհավիրքը, չներկայացնի նաև իր դերը այդ արհավիրքի մեջ։ Չբացատրի, թե ինչի էր ինքը օգոստոսի 21-ին վարչապետին զեկուցում, որ արևելյան մարտավարական ուղղությամբ հայկական զորքերը ոչ մի քայլ հետ սկզբունքով մինչև վերջ կդիմագրավեն ադրբեջանական ագրեսիային, ու թե ինչի էսպես եղավ, ու գա պահանջի վարչապետի հրաժարականը»։