Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս դահլիճի պատերը դեռ ներծծված են Հոկտեմբերի 27-ի արյամբ, որը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք․ Վահագն Ալեքսանյան․ Տեսանյութ

Այս դահլիճի պատերը դեռ ներծծված են Հոկտեմբերի 27-ի արյամբ, որը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք․ Վահագն Ալեքսանյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
18:26, 04 июнь 2021
«Ցավում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ տիկին Գրիգորյանն այստեղ չէ, որովհետև մի քանի հարց հնչեցրեց, որոնց կցանկանայի պատասխանել։ Ասում է՝ նոյեմբերի 9-ին ու՞ր էիք։ Տիկին Գրիգորյանը լավ կանի պատասխանի, որ իր ընտանիքի անդամը՝ ամուսնու եղբայրը, երբ նոյեմբերի 9-ին գրոհում էր Կառավարության շենքը՝ արդյո՞ք մեկն էր այն մարդկանցից, որ Մարտիրոս Սարյանի նկարն էին գողանում Կառավարության շենքից։ Ի՞նչ արեցին այդ նկարը, ծախեցի՞ն,․․․ թող ասի իմանանք ամեն դեպքում կարևոր արվեստի գործ է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հերթական ելույթն ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։  

Պատգամավորը հիշատակեց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքը․ «Այսօր ականատես եղանք եզակի լկտիության, երբ այս դահլիճում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը քմծիծաղով ասում է՝ ասում եք Քոչարյանից չե՞ք վախենում։ Այս դահլիճի պատերը դեռ ներծծված են Հոկտեմբերի 27-ի արյամբ, որը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, որը տեղի է ունեցել մի քանի օր հետո այն բանից, երբ Անվտանգության խորհրդի նիստում Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ են քվեարկել Մեղրին հանձնելու Ռոբերտ Քոչարյանի առաջարկին»։ 

Վահագն Ալեքսանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ չեն վախենում և շարունակեց․ «Առանց անսահման պետական իշխանության ու անպատժելիության ձեր առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը նույն խեղճ, մեջքը ծուռ արարածն ու անձնավորությունն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ասում էր՝ ալբանացի եմ։ Դա է ձեր առաջնորդը»։ 

Անդրադառնալով Աննա Գրիգորյանի հաջորդ արտահայտությանը՝ գան ում հետ բանավիճեն, Վահագն Ալեքսանյանը հիշատակեց, որ թվարկում են մի շարք պիտակներ, հետևաբար եթե հավատում են իրենց նշած պիտակների իսկությանը՝ ապա պետք է գան բանավեճի, քանի որ այդ դեպքում ամենահեշտ բանավեճը կլինի։ 

«Այսօր արդեն խորհուրդ եմ տվել Ռոբերտ Քոչարյանին թերապևտի մոտ տանեք՝ վախը հաղթահարելու համար, գործընկերս խորհուրդ է տվել մոմ թափողի մոտ տանեք։ Վերջապես մի խորհուրդ էլ՝ Հայր մերը սովորեցրեք, թող բանավեճից առաջ ասի ու նոր մտնի բանավեճի, գուցե այդպես դուխ անի գա։ Չի գա, որովհետև առանց անսահման պետական իշխանության ու անպատժելիության այդ մարդը նույն խեղճ, մեջքը ծուռն է, որն ասում էր՝ ալբանացի եմ»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։ 

Տեսանյութն՝ այստեղ