Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությանը փոխկապակցված շատ ընկերություններ պետական գնումներում մրցույթներ են շահել․ Ա․Թորոսյան․ Տեսանյութ

«Ծանր վիճակ է, և դեռ ինչ-որ ժամանակ ծանր կլինի՝ պայմանավորված համաճարակի բնույթով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակին ու վերջին օրերին վարակվածների ու մահերի մեծ թվի առկայությանը։

Նրա խոսքով՝ համաճարակի այս ալիքը տարբերվում է նախորդ ալիքներից իր մահաբերությամբ, և դա հավանաբար պայմանավորված է «դելտա» շտամով, որն ավելի մահաբեր է։

Ինչ վերաբերում է պատվաստումների ցածր տեմպին, Ա․Թորոսյանն ասում է, որ մենք մոտ 5 ամիս կորցրել ենք բարձր քանակ ապահովելու համար։

Նրա կարծիքով՝ պատճառները տարբեր են, այդ թվում՝ ներքաղաքական իրավիճակը։ Նա նաև դեմ  չէ, որ պետք է կառավարության քայլերի արդյունավետությունը գնահատվի, բայց իրատեսական էլ չի համարում, որ ավելի քան 2 մլն մարդու կարելի է ստիպողաբար պատվաստել այն դեպքում, երբ կա դիմադրություն։

Պատգամավորն անդրադարձավ նաև ներքաղաքական խնդիրներին, իշխանությանը վերագրվող և մամուլում քննարկվող այնպիսի իրադարձություններին, ինչպիսիք են պետական գնումներին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության կամ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերության մասնակցությանը։

«Իմ կողքը նստած ընդդիմությանը փոխկապակցված բազմաթիվ ընկերություններ պետական գնումներում բազմաթիվ մրցույթներ են շահել»,- հակադարձեց նա։