Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոչիի հանդիպմանը վարչապետի շեշտադրումները կարելի է գնահատել հայկական կողմի փուլային սկզբունքի մանիֆեստացիա․ Բրյուսելում սպասվող հանդիպումը կլինի այս հանդիպման տրամաբանական շարունակությունը

Սոչիի հանդիպմանը վարչապետի շեշտադրումները կարելի է գնահատել հայկական կողմի փուլային սկզբունքի մանիֆեստացիա․ Բրյուսելում սպասվող հանդիպումը  կլինի  այս հանդիպման տրամաբանական  շարունակությունը
Քաղաքականություն
22:56, 26 ноябрь 2021
«Սոչիի հանդիպումը կրում էր մտքերի փոխանակման , մոտեցումների ճշգրտման բնույթ։ Ստորագրված հայտարարությունը ևս այդ տրամաբանության մեջ է։ Որևէ հստակ  անդրադարձ չկա որևէ կետի»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
 
 Հիշեցնենք, որ այսօր Սոչիում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ եռակողմ հանդիպում, որից հետո կողմերը հայտարարություն են ընդունել, ըստ որի՝ մինչև տարեվերջ կստեղծվեն սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ: Զգալի առաջընթաց կա մարդասիրական հարցերում, ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովը հաջորդ շաբաթ կհրապարակի որոշում:

 Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանի համար առավել ձեռնտու կլիներ, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում մասնակիցների թիվն ավելի մեծ լիներ, քան միայն ՌԴ-ն։ Ցանկալի կլիներ, որ այլ կենտրոններ ևս ներգրավված լինեին։  «Ինչևէ, հանդիպումը ընթացակարգային էր։ Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվող հանդիպումը ևս կլինի   այս հանդիպման տրամաբանական  շարունակությունը անկախ այն բանից, որ Ռուսաստանն իր բոլոր շահերով հանդերձ այնտեղ ներկայացված չի լինելու։ Այս ամենի կրկնությունը մենք կտեսնենք նաև դեկտեմբերի 15-ին»,-ասաց քաղաքագետը։
 
 «Սոչիի հանդիպմանը Ալիևը եկել էր արձանագրելու, որ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ նորմալ գնում է, իրենք պնդում են իրենց փաթեթային լուծումը, իսկ վարչապետը գնացել էր արձանագրելու, որ ոչ, խնդիրներ կան, դրանք էական խնդիրներ են և անհնար է փաթեթային տրամաբանությունը և պետք է  գնալ փուլային լուծման ճանապարհով։ Վարչապետի այսօրվա շեշտադրումները ես կգանահատեմ որպես հայկական կողմի փուլային սկզբունքի մանիֆեստացիա»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։
 
 Ըստ փորձագետի՝ պատերազմից հետո երկու իրարամերժ մոտեցում կա։ Մեկը ադրբեջանական մոտեցումն է, որը պայմանական կարելի է անվանել փաթեթային, իսկ մյուսը՝ հայկական կողմի մոտեցումը՝ փուլայինը։ Ադրբեջանը պնդում է, որ բոլոր հարցերը փաթեթային և միաժամանակ պետք է լուծվեն՝ սահմանազատում, սահմանագծում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, խաղաղության պայմանագիր, ապաշրջափակում։ Ամեն ինչ մեկ փաթեթով։ Իսկ հայկական կողմն ասում է, որ ամեն ինչ պետք է  փուլային լինի։ Իսկ այդ փուլայինի առաջին կետերում գերիներին վերադարձի հարցն է և  Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, որից հետո նոր արդեն  փուլ առ փուլ հնարավոր կլինի մյուս խնդիրներին լուծում տալ։ 

 «Թե ինչ սպասել այս հանդիպումից, դա կախված է ռուսաստանյան և ադրբեջանական կողմի ճնշումների մակարդակից ու հայկական կողմի դիմադրողությունից։ Ես կդժվարանամ գնահատել թե առաջինի, թե երկրորդի մակարդակը, քանի որ գործընթացները շատ փակ են կատարվում։ Թերևս դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի շուրջ որոշակի մեկնարկ տրվեց, այնպես ինչպես դա եղավ տարածաշրջանում տրանսպորտային միջոցների ապաշրջափակման մասով։ Հնարավոր է մի հանձնաժողով էլ սրա համար ստեղծվի, բայց դա տարիներ է տևելու»,-ասաց Քոչինյանը՝ հավելելով, որ մեզ համար խիստ աննպաստ է, որ գործընթացը լինելու է ռուսական միջնորդությամբ։  Ըստ փորձագետի՝ մեզ համար շատ ավելի ձեռնտու կլիներ, եթե լիներ ԵԱՀԿ ձևաչափով։
 
 Մեր դիտարկմանը՝ ինչո՞ւ ՌԴ նախագահը որևէ կերպ չդատապարտեց Ադրբեջանին թե նոյեմբերի 16-ի մեկօրյա պատերազմի, թե առհասարակ՝ սահմանային լարվածության համար, փորձագետը նկատեց, որ դա բարոյական չէ, բայց տրամաբանական է։ Եթե ՌԴ նախագահը նման դատապարտող հայտարարություն աներ, ապա ուղակիորեն կընդուներ, որ Ռուսաստանը չի կարողանում տարածաշրջանում, տեղի բնակչության անվտանգությունը ապահովել։ «Ադրբեջանն էլ դա հասկանալով արձանագրում է, որ լուրջ միջադեպեր չկան, ամեն ինչ կարգին է և ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շատ լավ իրականացնում է իր առաքելությունը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
 
 Հիշեցնենք՝ այսօրվա եռակողմ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նկատել է, որ իրավիճակը կայուն չէ, սահմանային միջադեպերը Ադրբեջանի կողմից շարունակվում են։ Փաշինյանը վերահաստատել է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք և շարունակում են մնալ այնտեղ։  «Չնայած հանգամանքին, որ սահմանները դելիմիտացված և դեմարկացված չեն, բայց գոյություն ունի պետական սահման, և դա Հայաստանի սուվերեն տարածքն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։  

 Փաշինյանը չի համաձայնել Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր կետերը կատարված են, բացի վերջին՝ 9-րդ կետից։ ՀՀ վարչապետը կրկին բարձրացրել է գերիներ վերադարձի հարցը։ Փաշինյանը նաև վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է  մեկնարկ տալ սահմանների դելիմիտացիային և դեմարկացիային։