Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատում «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Հանուն Հանրապետության»-ը կոալիցիա կազմեցին. քաղաքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածուն

Արարատում «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Հանուն Հանրապետության»-ը կոալիցիա կազմեցին. քաղաքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածուն
Քաղաքականություն
13:52, 21 декабрь 2021
Այսօր Արարատ խոշորացված համայնքում տեղի ունեցավ նորընտիր ավագանու առաջին նիստը։

Ընտրության արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացավ 10 մանդատ, «Իմ հզոր համայնք»-ը՝ 9 մանդատ, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը՝ 4 մանդատ, «Կայունություն» կուսակցությունը՝ 2 մանդատ, «Ապրելու երկիր»-ը՝ 2 մանդատ։ Մինչև համայնքի ղեկավարի ընտրության հարցին անցնելը՝ նախ ձևավորվեցին համանուն կուսակցությունների խմբակցությունները։

Որպես համայնքապետի թեկնածուներ առաջադրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ Ասլան Ավետիսյանը, «Ապրելու երկիր» խմբակցությունից՝ Վահե Հարությունյանը, «Իմ հզոր համայնք» խմբակցությունից՝ Հայկ Հայկյանը, սակայն Հայկյանը և իր խմբակցության անդամները չմասնակցեցին քվեարկությանը և լքեցին նիստերի դահլիճը՝ առանց հիմնավոր պատճառաբանության։ 

Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Արարատի համայնքապետ ընտրվեց Ասլան Ավետիսյանը, նրա օգտին քվեարկեցին ավագանու 14 անդամները, 10-ը՝ ՔՊ-ից, 4-ը՝ «Հանուն Հանրապետության» կուսակցությունից, Վահե Հարությունյանը ստացավ երկու ձայն, Հայկ Հայկյանը՝ 0 ձայն, իսկ «Կայունություն»-ից երկուսը քվեարկեցին ձեռնպահ։
 
«Հանուն Հանրապետության» կուսակցության թեկնածու Արսեն Հակոբյանը, շնորհավորելով Ասլան Ավետիսյանին, ասաց. «Հեղափոխությունը վերջապես հասավ Արարատ»։ 

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանուն Հանրապետության» խմբակցությունները կոալիցիա կազմեցին, որի արդյունքում Արսեն Հակոբյանը կնշանակվի համայնքապետի առաջին տեղակալ։

Ընտրվելուց հետո իր ելությում Ասլան Ավետիսյանն ասաց, որ իրենք ունեն մի շարք ծրագրեր, որոնց իրագործման համար համագործակցելու են բոլոր խմբակցությունների հետ, նրանց ծրագրերը ևս ներառելու են։

Արարատի համայնքապետի երդման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 11-ին։   

Ուղիղն՝ այստեղ։