Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու է Քոչարյանը լռում Քի Վեսթի բանակցությունների ամենակարևոր դետալի մասին

Ինչու է Քոչարյանը լռում Քի Վեսթի բանակցությունների ամենակարևոր դետալի մասին
Քաղաքականություն
21:00, 27 декабрь 2021
Այսօր հրավիրված ասուլիսում Ռոբերտ Քոչարյանն, անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման մասնավորապես Քի Վեսթի բանակցություններին, նշել է․

«Քիվեսթի պայմանագրով Ղարաբաղը միանում էր Հայաստանին մի միջանցքով, որը ևս ունենալու էր նույն կարգավաիճակը, ինչպիսին Ղարաբաղը: Միջանցքի լայնությունը պետք է լիներ «գրադի» հեռահարության՝ երկու կողմի վրա՝ 21-21 միջանցք՝ 42 կմ: Համեմատեք այսօրվա վիճակի հետ, այսօրվա Ղարաբաղի անորոշության և կարգավիճակի հետ։ Տարբերությունը դրա մեջ է։ Դուք չե՞ք տեսնում այդ տարբերությունը»։

Քոչարյանը նշել է, որ այս տարբերակը չի իրագործվել, քանի որ Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է։

Նկատենք, որ թեև Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող 20 կիլոմետր լայնքով միջանցքը դառնում էր հայկական տարածք, սակայն այդ 20 կիլոմետրանոց լայնքով տարածքը վերածվում էր քառակուսի մետրերի և նախկին ԼՂԻՄ-ի ծայրամասից նույնքան տարածք /բացի 7 շրջանները/ տրվում էր Ադրբեջանին: Այս՝ չափազանց կարևոր դետալի մասին Քոչարյանը չգիտես ինչու՝ չի ուզում բարձրաձայնել։

Ի դեպ, այս բանակցությունների բովանդակության մանրամասներին մասին բազմաթիվ հրապարակումներով հանդես է եկել լրագրող Թաթուլ Հակոբյանը։


Այն, որ խորհրդարանում մեծությամբ առաջին ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» դաշինքը չունի այլ անելիք, քան ՀՀ-ում  մասնավորապես պատերազմից հետո հաստատված իրավա-քաղաքական ստատուս քվոյի հետ հաշվի նստելն ու դրան համակերպվելը, լրացուցիչ անգամ ապացուցվեց հիշյալ դաշինքի կուրատր,  պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսում։

Խորհրդարանի անցած մի քանի ամիսների գործունեությունը ցուցանում են, որ վերոհիշյալ   դաշինքի  անելիքը ոչ թե իր նախընտրական ծրագրի՝ տեղ-տեղ  հոգեզմայլ դրույթների իրագործումը  ԱԺ օրակարգ  ներառելն է,   ժողովրդական լեզվով ասած՝ իր իսկ՝ ժողովրդի մատից փուշ հանելը կամ գոնե այդ փուշը հանելու գործին նպաստ բերելը, այլ ամեն ինչ անելը՝ առկա ստատուս-քվոն խախտելու ու այդ ալիքի վրա իշխանությունը զավթելու համար։

Իսկ դրան հասնելու ճանապարհին դաշինքը, ինչպես վերահաստատեց  Քոչարյանը,  կշարունակի կիրառել  հանրությանն արդեն քաջ հայտնի գործիքները ՝ իշխանության վարկանիշը «մինչև քոք» մաշեցնելուց մինչև դիմադրության զարմանազան   շարժումներ ձևավորելը։ Փաստենք, որ միակ օրակարգը, որը համառորեն առաջ է տարել «Հայաստան» դաշինքը անցած չորս ամիսների ընթացքում, դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի  պաշտնում հերթական անգամ առաջադրելն ու մերժվելն է եղել: Թե ում վարկանշն է այս՝ լոկալ, բայց համառ  դիմադրության հետևանքով մաշվել՝ թողնում ենք ընթերցողի դատին։  

Մինչ պաշտոնաթող նախագահի՝ ասուլիսում հնչած նրա որոշ մեկնաբանությունների անդրադառնալը՝ հերթական անգամ ֆիքսնեք, որ ՀՀ-ն արդեն մեկ  տարուց ավելի է՝ ապրում է մի ռեժիմում, որը հաստատվել է պատերազմի ավարտից և դրա  հատևանքով ի հայտ եկած  փաստաթղթերի՝ մասնավորապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում:  

Հենց պատերազմի ելքի ու վերոհիշյալ փաստաթղթի բովանդակության շահարկման հետևանքով էլ  ներքաղաքական ճգնաժամը հասավ ծայրահեղ աստիճանի, որը լիցքաթափելու համար հունիսի 20-ին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ ու ձևավորվեց այսօրվա խորհրդարանը:  

Ակնհայտ է՝ որ  քաղաքական ուժն էլ  այդ ընտրությունների արդյունքում իշխանություն ձևավորեր, շարունակելու  էր հաշվի նստել հետպատերազմական իրավիճակի հետ ու գործել նոյեմբերի 9-ից հետո  սահմանված ռեժիմում:  Քոչարյանն ու իր  թիմը, որոնք ամիսներ առաջ նախընտրական քարոզչությունը կառուցել էին իրենց կողմից «չարաբաստիկ» որակված հայտարարության բովանդակության շուրջ՝ ընդհուպ շահարկելով դրա կետերի հաջորդականությունը /դիցուք՝ ինչու է գերիներին վերաբերղ կետը նախավերջինը/,   այսօր հետին թվով ստիպված են խոստովանել, որ իրենք էլ գործում են վերոհիշյալ ռեժիմում ու փաստաթուղթը  չեղարկելը առնվազն արկածախնդրություն է։  

Պատասխանելով հարցին, որ  եթե իրեն հաջողվի իշխանության գալ, արդյոք առ ոչինչ կճանաչի՞ նոյեմբերի 9-ի  փաստաթուղթը՝ Քոչարյանն ասել է. «Նայեք՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը, ինչ վատ բան կա՝ արդեն կատարված է: Ես կգամ իշխանության, թե Պողոսը կամ Պետրոսը, կապ չունի, որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը: Իրականացված են բոլոր կետերը, բացի մի կետից, որը մեզ էր պետք՝ գերիների վերադարձի վերաբերյալ կետը: Մենք եթե չեղարկենք այդ փաստաթուղթը, մեզ մեղադրելու են ասեն՝ գերիներին չեն ուզում վերադարձնել, որովհետեւ դա միակ իրավական փաստաթուղթն է»։  

Ողջունելով  Քոչարյանի՝   հազվադեպ հանդիպող ողջամիտ ձևակերպումներից մեկը՝ «որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը»,  միաժամանակ նկատենք, որ պաշտոնաթող նախագահը ակնհայտ կեղծիքի ու սպեկուլյացիայի է դիմում՝ պնդելով, թե «իրականացված են բոլոր կետերը, բացի մի կետից, որը մեզ էր պետք՝ գերիների վերադարձի վերաբերյալ կետը»։   Անվիճելի է, որ թեև գերիների վերադարձին վերաբերղ կետը կարևոր և մինչև վերջ չկատարված  կետերից է, որն, ի դեպ,  լիուլի շահարկվեց ու շարունակում է շահարկվել քարոզչական նպատակներով, բայցևայնպես, հայտարարությունն ունի  դեռևս չիրականացված մեկ այլ կետ ևս՝ 9-րդը։  

Աղմկահարույց ու հանրային մեծ ռեզոնանս առաջացած այս կետը տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն է  վերաբերում,  որի տողատակերում ընդդիմությունը ամեն կերպ  փորձում էր և է  գտնել «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի առաջ քաշած նարատիվը։  Ակնհայտ է, որ նախկին նախագահը միտումնավոր է անտեսում  9-րդ կետը՝ այն դասելով արդեն կատարված կետերի թվին,  քանի որ, եթե դրա շուրջ իր հետ  բանավեճ սկսվի,  կպարզվի, որ  իր նախագահության օրոք էլ՝ 2000թ․-ից ի վեր, ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի քննարկված տարրերից մեկն  էլ  եղել է Մեղրիով Ադրբեջանին «սուվերեն միջանցք» տրամադրելու տարբերակը։   Հ․Գ․ Մասնավորապես  Քի Վեսթում մշակված, փաստաթղթային տեսք ստացած  և որպես ոչ պաշտոնական առաջարկներ կողմերին ներկայացված տարբերակով նախատեսում էր կարգավորման հասնել միջանցքների ստեղծումով / Լաչին, Մեղրի և Շուշի/:  Դրանցից մեկն էլ  մասնավորապես Մեղրիով՝ Արաքսի ափով Ադրբեջանին տրվելիք միջանցքն  էր, որն ունենալու էր մոտ 40 կիլոմետր երկարություն և 8 մետր լայնություն, չէր դառնալու Ադրբեջանի սեփականությունը, սակայն միևնույն ժամանակ, Ադրբեջանը այդ միջանցքից ազատ օգտվելու համար Հայաստանին որևէ տրանզիտային հարկ  չէր վճարելու: