Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պապիկյանը շրջանառության մեջ է դնելու ՊՆ-ի կառուցվածքային փոփոխության նախագիծ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ շրջանառության մեջ է դնելու պաշտպանության նախարարության կառուցվածքային փոփոխությանը վերաբերող նախագիծ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դժգոհ է պաշտպանական ոլորտում բարեփոխումների հայեցակարգի նախագծից, որը մշակվել է գերատեսչությունում դեռ 2021-ին: Այդ մասին նախարար Պապիկյանը հայտարարեց փետրվարի 9-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Ապբահամյանի հարցին:

Ընդդիամադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու շրջանառության մեջ չի դրվում զինված ուժերում բարեփոխումների հայեցարակգը և երբ է այն հասանելի դառնալու պատգամավորներին: «Ի վերջո, ի՞նչ ժամկետների մեջ է այդ հայեցակարգը մշակվելու և երբ է այն, թեկուզ սահմանափակ տարբերակով, հասանելի լինելու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովին»,- հարց ուղղեց Տիգրան Աբրահամյանը:

Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի հաստատվել է պաշտպանական համակարգում բարեփոխումների ճանապարհային քարտեզ, որի հիման վրա մշակվել է նաև հայեցակարգ, սակայն շրջանառության մեջ չի դրվել: «Հայեցակարգը, ըստ էության, 2021-ի ավարտին մշակված է եղել և պատրաստ է եղել շրջանառության, բայց բովանդակությունը ոչ ամբողջությամբ է իմ կողմից ընդունելի: Որքան էլ որ հայեցակարգն ընդհանրական է, դրանից պետք է բխեն իրավական տարբերակներ, այնուամենայնիվ պետք է հստակություն»,- ասաց նախարարը:

Նա չցանկացավ գնահատական տալ կատարված աշխատանքին, սակայն նշեց, որ այն «բավական լավն» է: «Բայց ես որպես գերատեսչության ղեկավար այդ աշխատանքով բավարարված չեմ և այն հետ եմ ուղարկել վերախմբագրման»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ պատգամավորները կարող են մասնակցել հայեցակարգի վերաբերյալ քննարկումներին: «Ես գործընկերներին կտամ հանձնարարություն, որ որևէ բան փակ չլինի: Այնուամենայնիվ, բարեփոխումների մի քանի ուղղություններ ինձ համար հստակ են, և այս հայեցակարգի մեջ ներառված են լինելու»,- ասաց նա:

Նախարարը խոստացավ մինչև շաբաթվա վերջ շրջանառության մեջ դնել պաշտպանության նախարարության կառուցվածքային փոփոխությանը վերաբերող նախագիծ, որն արդեն ուղարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողով:

Պատգամավոր Աբրահամյանը ևս մեկ հարց բարձրացրեց: Նկատելով, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն կառուցվածքային առումով չի գտնվում ՊՆ-ի համակարգման ներքո, հետաքրքրվեց, թե որն է պատճառը, որ շուրջ մեկուկես տարի է՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն չունի ղեկավար:

Նախարարի պատասխանը հակիրճ էր. «Ինչ վերաբերում է գործընկեր կառույցի [բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության] կադրային քաղաքականությանը, ապա ինձ իրավունք չեմ վերապահի այստեղից գնահատականներ հնչեցնել: Այո՛, յուրաքանչյուր ոլորտում էլ կարևոր են ղեկավարների և ոչ ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը, սակայն այդ պաշտոնը պետք է ստանձնի փորձառու մարդ»: