Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխվարչապետը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք» նախագծի վերաբերյալ

Փոխվարչապետը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք» նախագծի վերաբերյալ
Քաղաքականություն
22:11, 17 февраль 2022
Ապաշրջափակում նշանակում է ենթակառուցվածքային հնարավորություններ առավելագույն, հնարավորինս շատ ուղղություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  այդ մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը «Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք» տրանսպորտային նախագծի վերաբերյալ:

«Ես բազմիցս ասել եմ, վարչապետն էլ է ասել, որ մեր վերջնական նպատակը ապաշրջափակման այնպիսի սցենար ունենալն է, որը տարածաշրջանին կայունություն կբերի, և ենթակառուցվածքները կսկսեն ունենալ այլևս տարածաշրջանային նշանակություն: Դա նշանակում է՝ որքան շատ լինեն կապուղային հնարավորությունները, այդքան ավելի արդյունավետ կլինեն մեր ծախսերը, այդքան ավելի արդյունավետ կգործեն մեր ենթակառուցվածքները և այդքան տնտեսապես ավելի արդյունավետ կլինի մեր նախաձեռնությունը», - ասել է փոխվարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա՝ փետրվարի 17-ի կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելուց առաջ ներկայացրել էր «Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք» նախագծի մանրամասները՝ ասելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ վերջին քննարկումների արդյունքում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագիծը վերաձևակերպվել է և դարձել է «Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք» նախագիծ:

«Հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Ըստ էության, սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ «Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք»-ը, կամ եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա: Եվ մենք այս նախագիծը տեղավորում ենք ահա այս ընդհանուր կոնտեքստում: Պետք է հույս ունենալ, որ մինչև տարվա վերջ արդեն կոնկրետ շինարարական ընկերություն կունենանք, որը կիրականացնի աշխատանքը: Իհարկե, Արևելք-Արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում մենք շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը: Գիտեք նաև, որ մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Ըստ էության, չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել ենք, առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի», - պարզաբանել է Փաշինյանը: