Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր տեսանկյունով՝ դա պետք է լինի նոր միջազգային տարանցիկ ճանապարհ. Վարչապետը՝ Սյունիքով անցնելիք ավտոճանապարհի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսին «Սյունյաց երկիր» թերթի խմբագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց ներկայացնել  Սյունիքի մասով հաղորդակցության ուղիների վերաբացման ռազմավարությունը. «Նշեք նաև Սյունիքով անցնելիք ավտոճանապարհի հնարավոր երթուղին, իսկ եթե այն կարող է ձգվել Սանասար-Խնձորեսկ-Գորիս-Անգեղակոթ երթուղով, ապա անվտանգության ի՞նչ երաշխիքներով»: 

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջինը իրավական կարգավորումների խնդիրն է. «Եթե մենք իրավական կարգավորումների խնդրով գալիս ենք համաձայնության, մնացած հարցերը դառնում են տեխնիկական»:

Վարչապետի խոսքով՝ սա տեղի է ունենում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման տրամաբանության մեջ. «Սա ոչ միայն ճանապարհ է Ադրբեջանի արևմտյան հատվածները Նախիջևանի հետ կապող, այլև սա նոր միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաև Հայաստանը: Մենք պետք է վերանայենք դիտանկյունը. պետք է ունենաք, մեր տեսանկյունից, մի ճանապարհ, որը հնարավորինս գրավիչ կլինի միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների համար, որովհետև դա Հայաստանին կբերի շատ կոնկրետ օգուտներ: Այս համատեքստում է, որ մենք չենք բացառել և չենք բացառում նոր ճանապարհի կառուցումը, որը, մեր տեսանկյունից, կլինի միջազգային հաղորդակցության կարևոր ուղի»:
Վարչապետը նշեց, որ նպատակն է ընդլայնել Հյուսիս-Հարավ ճանապարհը, և այն դարձնել ոչ միայն Հյուսիս-Հարավ, այլև Արևելք-Արևմուտք. «Այսինքն՝ մոտավորապես խաչաձև ճանապարհ, որը կմեծացնի այդ ճանապարհի նշանակությունը»:

Ինչ վերաբերում է ճանապարհի անվտանգությանը, վարչապետը ընդգծեց, որ փոխադարձաբար պետք է կոնկրետացվեն անվտանգության երաշխիքները: