Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր ռազմավարությամբ կունենանք իդեալականին մոտ օրենսդրություն․ այժմ չկա ընդհանուր օրենք, որով կարող են դատական փորձագետներն առաջնորդվել․ Արդարադատության փոխնախարար

Այսօր՝ մարտի 18-ին, ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկում էր դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Civic.am-ը թեմայի առնչությամբ հարցեր է ուղղել ՀՀ արդարադատության փոխնախարարին։  

- Պարոն Մինասյան, այսօր քննարկումներում նաև քննիչների և դատախազների՝ այդ ապարատի բարեփոխման խնդիրը առաջ քաշվեց։ Այն քննիչների և դատախազների որոշումները, որոնք ոչ այնքան առնչություն են ունեցել արդարադատության հետ, բայց նաև չեն բողոքարկվել դատարանում, ինչպե՞ս եք որոշելու՝ ո՞ր քննիչը, ո՞ր դատախազն է արդար գործել։ 

- Որոշել, թե իրավապահ մարմնի որ կոնկրետ աշխատողը և ընդհանրապես՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գործել է ապօրինություն, թե չէ՝ միակ մեխանիզմը դատական համակարգի այդ ֆիլտրով անցնելն է, այլ մոդել օրենսդրությունը չի կարգավորում, և դրա համար է հենց մեր դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը շատ կարևոր, և շատ կարևոր են նաև նման քննարկումները, որպեսզի ունենանք ի վերջո այնպիսի դատարան, որի կայացրած որոշումների վրա ոչ մեկը չկասկածի։ 

- Տարիներ շարունակ մամուլում եղել են տարբեր հրապարակումներ, որոնցում փաստաբանները բարձրաձայնել են որոշ դատաբժշկական եզրակացությունների անհիմն լինելը, նաև քաղաքացիներ են բարձրաձայնել այդ մասին, սակայն իմ հարցմանն ի պատասխան՝ ավելի քան մեկ տարի առաջ ոստիկանությունից հայտնել են, որ որևէ դատաբժիշկ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Արդարադատության նախարարության առջև դրվա՞ծ է դատաբժշկական ապարատի բարեփոխման խնդիր։ 

- Շնորհակալ եմ հարցի համար։ Մենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրել ենք, որ կա անհրաժեշտություն նոր օրենսդրության՝ փորձագիտական էքսպերտիզա կոչվող մարմինների համար նախատեսված, որ ի վերջո նախատեսվեն չափորոշիչներ, որպեսզի մեր երկրում առկա տարբեր գերատեսչությունների կողմից տրված տարբեր եզրակացությունները բացառվեն։ Այսինքն՝ չկա ընդհանուր օրենք, չկա ընդհանուր մոդել, որով կարող են փորձագետներն առաջնորդվել, և մեր ռազմավարությամբ հենց այդ հարցը լուծելու ենք։   

- Ե՞րբ եք նախատեսում լուծել այդ հարցը։


- Հայեցակարգն այս տարվա վերջին ենք նախատեսում ունենալ, ծավալուն աշխատանք է սպասվում։ Ներգրավվելու են  բոլոր երեք փորձագիտական կենտրոնները՝ անկախ փորձագետները։ Հայեցակարգն ունենալուց հետո մյուս տարի կունենանք նաև նախագիծը, և նաև նման քննարկումների արդյունքում կստանանք իդեալականին մոտ օրենսդրություն։ 

- Դատաիրավական բարեփոխումներին, այդ թվում՝ դատավորների վեթինգին, դատավորների թեկնածուների հարցազրույցներին քաղաքացիական հասարակությանը՝ ՀԿ-ներին ներգրավելը արդյոք մտավախություն չի՞ առաջացնում, որ առնվազն այդ ՀԿ-ների ղեկավարները հայտնվելու են անպատժելիության շրջանակում։  

- Մենք այսօր հավաքվել ենք, որ քննարկենք դատաիրավական ռազմավարությունների նախագիծը, որը ներառում է 2022-2026թթ., և բոլոր այն մտահոգությունները, բոլոր այն խնդիրները, որ տարիներ շարունակ մեր հասարակությունում քննարկվել են, ներառված են այստեղ, և հենց Ձեր բարձրացրած մտահոգությանը՝ կապված դատավորների ընտրության կարգի և բոլոր այդ խնդիրների հետ, անդրադարձ կատարվում է դատաիրավական ռազմավարությունում, և բուռն քննարկումներ են տեղի ունենում, մեր հասարակական սեկտորի ներկայացուցիչները նույնպես ունեն մտահոգություններ, բայց հենց այս պրոցեսը, հենց այս քննարկումներն են բերելու նրան, որ մենք ստանանք իրապես գործուն դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն, որոնց մեջ ներառված են նպատակները, ուղղությունները և այն միջոցառումները, որոնց միջոցներով հասնելու ենք արդյունքի։

- Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թեկնածուների հետ հարցազրույց անցկացնելու համար ներգրավել է քաղհասարակության, այսպես ասած, ներկայացուցչի։ Չկա՞ մտավախություն, որ այդ քայլով ԲԴԽ-ն նրան տալիս է անպատժելիության, այսպես ասած, շքանշան։

- Ես չեմ կարծում, որ դա խնդիր է, որը կարող է գլոբալ ինչ-որ բաների բերել, պրոցես է, որը  ֆիքսված է, առկա է, և եթե ինչ-որ կողմ ունի դժգոհություն, նաև կարող է բողոքարկման մեթոդով այդ հարցը լուծել։ 

Նարա Մարտիրոսյան


Մանրամասն՝ տեսանյութում