Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը շատ ցավոտ էր նախկինում, այսօր նման դեպքերը պետք է բացառվեն. Գրիգոր Մինասյան

Խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը շատ ցավոտ էր նախկինում, այսօր նման դեպքերը պետք է բացառվեն. Գրիգոր Մինասյան
Հասարակություն
17:53, 07 февраль 2022
Իմ պաշտոնը քաղաքական է, և օրենքը թույլ է տալիս այդ պաշտոնին նշանակել այն մարդուն, ով կիսում է իշխանության գաղափարները, նրան ճանաչում են, միմյանց հետ աշխատել են, սակայն քաղաքացիական պաշտոնների դեպքում իրավիճակն այլ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը.

«Խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը շատ ցավոտ էր նախկինում և այսօր էլ, եթե նման դեպքեր լինեն, պետք է բացառվեն, երբ քաղաքացիական պաշտոնների մրցույթներում «անցկացնում էին» իրենց ծանոթ-բարեկամներին: Կոնկրետ իմ դեպքում այդ խնդիրը չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով իր նշանակման վերաբերյալ քննադատություններին, թե ինքը քննադատել է նախկին իշխանություններին, դրա համար էլ պաշտոն է ստացել գործող իշխանությունների կողմից, Գրիգոր Մինասյանն ասաց, թե դրանք անարդար և սխալ մոտեցումներ են.
«Նման դիրքորոշում են հայտնել մարդիկ, որոնք մտավախություններ ունեն այն իմաստով, որ ես շատ լավ գիտեմ, թե նրանք ինչպես են գործել նախկինում, դա է պատճառը, որ նման քննարկումներ են տեղի ունենում»,-ասաց Մինասյանը:

Գրիգոր Մինասյանը գնահատական տվեց նաև Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված մի շարք հայտարարությունների «կոշիկ լիզողներ են», «վնգստացող դատավորներ», «ծեփել պատերին» և ասաց.

«Կան քաղաքական հայտարարություններ, և բոլորս պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ լինելով ՀՀ քաղաքացի՝ ուզում ենք ունենալ լավ դատաիրավական համակարգ։ Ունենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն, որում առկա են քաղաքացիների մտահոգությունները, Արդարադատության նախարարությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի բոլորս գոհ լինենք այսօրվա դատաիրավական համակարգից»: