Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցավալիորեն, այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, տեղի է ունենում ՌԴ խաղաղապահ առաքելության լռության պայմաններում. Ռուբեն Մեհրաբյան

Ցավալիորեն, այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, տեղի է ունենում ՌԴ խաղաղապահ առաքելության լռության պայմաններում. Ռուբեն Մեհրաբյան
Քաղաքականություն
13:23, 25 март 2022
«Իրավիճակն Արցախում՝ Փառուխի շուրջ ծավալվող  զարգացումներից հետո, ակնհայտորեն լարվում է, և այդ լարվածության հեղինակը ռուսական կողմն է, իսկ լարվածության նպատակը  ՀՀ-ի դիրքորոշումը փոխելն է, ՀՀ-ին ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական պրոքսիի վերածելը։  Եվ Ռուսաստանը դա անում է՝ Ադրբեջանին օգտագործելով որպես գործիք։ Ահա և ողջ սխեման, որով աշխատում է  ռուսական կողմը»,- Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով  Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի ներխուժման փաստին՝ կարծիք հայտնեց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ 

Հարցին՝ նման իրավիճակում ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը, մեր զրուցակիցն արձագանքեց՝ գերակտիվացնի իր դիվանագիտական  ակտիվությունը, «որպեսզի այս գործողության քաղաքական գինը դառնա անհաղթահարելի՝ թե ՌԴ-ի, թե Ադրբեջանի համար»։  Ըստ Մեհրաբյանի. «Խոսքն այն մասին է, որ ՀՀ-ն, որպես անկախ և սուվերեն պետություն, պետք է բոլոր հնարավոր հարթակներում բարձրացնի հարցը՝ արձանագրելով, որ այն, ինչ կատարվում է, էթնիկ զտում է, ինչն, անխոս, հանցագործություն է։ Այս ամենի վերաբեյալ ՀՀ-ն նախևառաջ պետք է հայցեր ներկայացնի միջազգային ատյաններ՝ և՛ ՄԱԿ-ի դատարան, և՛ ՄԻԵԴ, միջազգային գործընկերների հետ կոմունիկացիաներում այս հարցը հենց այս ռակուրսով էլ բարձրացնի՝ տեղի ունեցողը էթնիկ զտում է։ Այո՛, սա մարդու իրավունքների հարց է, և ոչ մեկին տրված չէ 21-րդ դարում զբաղվել  ցեղասպանությամբ։ Ցավալիորեն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, այս ամենն արվում է ՌԴ-ի՝ Արցախում ունեցած ներկայության, խաղաղապահ  առաքելության, ռուս զինվորականների լռության պայմաններում։ Ընդգծեմ՝ ՌԴ-ն այն պետությունն է, որը 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության կողմերից մեկն է, այդ հայտարարության իրագործման երաշխավորը»։  

Մեհրաբյանը ասաց նաև, որ  իր անվտանգության խնդիրները լուծելու համար ՀՀ-ն պետք է միջազգային գործընկերների հետ  ակտիվ կոմունիկացիաների մեջ լինի։  «Մենք շատ լավ հասկանում ենք, որ ՌԴ-ն Արցախում չի կարող այն ֆունկցիաները կատարել, որոնք ինքն իրեն վերապահել է։ Եվ այստեղ, այո՛, մեր արտաքին քաղաքական գերատեսչության կողմից արտահայտված դիրքորոշումը ես լիովին կիսում եմ»,-նշեց մեր զրուցակիցը։ 

ՀՀ ԱԳՆ-ն, հիշեցնենք, այսօր տարածած իր հայտարարության մեջ ակնկալում է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրսբերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր»: 
 
Մեհրաբյանի կարծիքով՝ տեղի ունեցողի վերջնական նպատակը հակառակորդի՝ «Հայաստանն առանց հայերի», «Արցախն առանց հայերի»  երազանքին հասնելն է։ «Ռուսաստանը, չկարողանալով և, փաստորեն, չուզելով իրացնել իր  խաղաղապահ առաքելությունը, այնպես է անում, որ այստեղ որևէ մեկը ոտք չդնի։ Եվ այդ իմաստով այս գործարքը Ադրբեջանի հետ սպասարկում է նաև ռուսական շահերը»,- նկատեց փորձագետը։  

Իրադարձությունների զարգացմանը հետևող փորձագետներից ոմանք չեն բացառում, որ Փառուխի շուրջ տեղի ունեցողը  հնարավոր է վերաճի նոր էսկալացիայի, ընդհուպ՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն հայկական երկու պետությունները։ «Կարող է և վերաճել, բացառել պետք չէ։ Հայերն ունեն ինքնապաշտպանության իրավունք, սա սրբազան իրավունք է, եթե, իհարկե,  այլ տարբերակ չի մնում։ Բայց, անշուշտ, պետք է այնպես անել, որ բանը դրան չհասնի, քանի որ զենքին դիմելն ամենաանցանկալին է հնարավոր մնացած քայլերից։ Այդ իսկ պատճառով պետք է պաշտպանական և դիվանագիտական ջանքերը համատեղել, որովհետև դա է տեղի ունեցողին առավել էֆեկտիվ դիմագրավելու ճանապարհը»,- եզրափակեց փորձագետը։  

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։

Հեղինե Մանուկյան