Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանն ու Ալիևը այսօր կհանդիպեն Բրյուսելում

Փաշինյանն ու Ալիևը այսօր կհանդիպեն Բրյուսելում
Քաղաքականություն
10:35, 06 апрель 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բրյուսելում է։ Կառավարությունից տեղեկացնում են՝ նախ սպասվում է առանձնազրույց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։

Դեռ նախորդ շաբաթ Փաշինյանը հայտարարել էր՝ Ալիևի հետ պատրաստվում է քննարկել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մեկնարկին վերաբերող հարցեր՝ շեշտելով՝ Հայաստանը պատրաստ է դրանց անհապաղ մեկնարկին:

Վարչապետը հայտարարել էր նաև՝ խաղաղության բանակցություններին Հայաստանը պատրաստ է՝ լրացրած առաջարկների հիմքի վրա՝ վերահաստատելով Հայաստանի համար Բաքվի ներկայացրած 5 կետանոց առաջարկում անընդունելի ոչինչ չկա։ Երևանը Բաքվի հինգ կետերը լրացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման օրակարգով:

Առանձնացնելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ Փաշինյանն ընդգծել էր. - «Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը»:

Երևանից հնչող այս հայտարարությունները Ադրբեջանի նախագահը «լավ նորություն» էր որակել, ընդգծելով՝ Բաքուն արդեն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։

Բրյուսելում նախատեսված հանդիպումից առաջ Ալիևը պնդել է՝ հիմա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու ժամանակն է։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը չի բացառում, որ այսօրվա եռակողմ հանդիպմանն այնուամենայնիվ կստորագրվի փաստաթուղթ, որը ոչ թե համաձայանագիր կամ պայմանագիր կլինի, այլ հայտարարություն։

«Չեմ բացառում, որ հիմնականում շեշտը դրված կլինի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վրա, մոտավորապես ի զարգացումն նրա, ինչ եղավ 2021-ի դեկտեմբերի 14-ի հայտարարության մեջ և նաև չեմ բացառում, որ հայտարարության մեջ կլինի որոշակի ակնարկ, որ կողմերը, ամեն դեպքում, պատրաստվում են սկսել խաղաղության բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ կամ նույնիսկ կլինեն որոշակի ակնարկներ այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայն են», - ասաց Պողոսյանը։

Քաղաքագետը հույս հայտնեց, որ հանդիպումից հետո միջազգային հանրության մոտ այնպիսի ընկալում չի առաջանա, թե Հայաստանը պատրաստ է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։

Մանրամասները՝ azatutyun.am