Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի գլխավոր բանակցողը տեղյակ չէ այս նրբություններից․ Արուսյակ Ջուլհակյանn արձագանքել է Վարդան Օսկանյանի հոդվածին

Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի գլխավոր բանակցողը տեղյակ չէ այս նրբություններից․ Արուսյակ Ջուլհակյանn արձագանքել է Վարդան Օսկանյանի հոդվածին
Քաղաքականություն / Հայաստան
22:03, 18 апрель 2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է այսօր ԶԼՄ-ներում հրապարակված ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հոդվածին:

«Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հոդվածով, որով դեմ է արտահայտվում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Վերջինս, կարծես թե, հպարտությամբ արձանագրում է, որ նաև ինքն է դեմ եղել 1998թ․ փուլային տարբերակին (ըստ էության միակ իրական և իրատեսական տարբերակը Արցախյան հակամարտությունը լուծելու)՝ նշելով, որ առաջարկվող փաստաթղթում չկա նշում Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, ըստ Օսկանյանի, եղել է այն, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից: Օսկանյանը, սակայն, եղել է այն կարծիքին, որ ՀՆԱՐԱՎՈՐ Է խոսել կարգավիճակի մասին, բայց զերծ մնալ տարածքային ամբողջականության խնդիրը հիշատակելուց։ 

«Շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ԻՆՉԸ և ՏԵՂԻ ՈԻՆԵՑԱՎ»,- ասում է պարոն Օսկանյանը, ապա շարունակում։

«Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»:


Այսպիսով՝ պարոն Օսկանյանը պնդում է, որ հնարավոր էր միևնույն փաստաթղթում միաժամանակ խոսել Արցախի կարգավիճակի մասին և շրջանցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը։ Եվ որպես իր պնդման ապացույց ներկայացնում է հաջորդ երեք՝ ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները։ Մի կողմ թողնենք, որ այդ երեք առաջարկներն այդպես էլ չեն ընդունվել, և անհասկանալի է դրանք 98-ի փուլային տարբերակի համեմատ որպես լուրջ դիվանագիտական ձեռքբերում ներկայացնելը։ Փորձենք կարդալ այդ փաստաթղթերը, և կտեսնենք ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ սկզբունքի հիշատակումը թե՛ Ընդհանուր պետության և թե՛ Մադրիդյան առաջարկներում։ Եվ ուրեմն, այդ ի՞նչն էր փոխվել ի նպաստ մեզ։ Տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրու՞մը։ Ի նպա՞ստ։ Ինչևէ։ Սա էլ մի կողմ թողնենք։ 


Անդրադառնանք պարոն Օսկանյանի այն պնդմանը, որ թե՛ Ընդհանուր պետության, թե՛ Քի Վեսթի և թե՛ Մադրիդյան առաջարկներն անդրադառնում էին Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ։


Բացում ենք Ընդհանուր պետության առաջարկը և 1-ին իսկ հոդվածում կարդում՝


«Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական տարածքային կազմավորում է, և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ կազմավորում է «Ընդհանուր պետություն»՝ ՎԵՐՋԻՆԻՍ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ»:


Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի գլխավոր բանակցողը տեղյակ չէ այս նրբություններից։ Դժվար թե։ Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի բանակցողը մոռացել է այս նրբությունները։ Կրկին՝ դժվար է այդպես կարծել։ Եվ ուրեմն մնում է եզրակացնել, որ գործ ունենք մեր հանրությանը մոլորեցնելու, մանիպուլացնելու, ժողովրդի հետ ազնիվ չլինելու հերթական փաստի հետ։ Հետևությունները թողնում եմ ձեզ»։