Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ խորհրդի որոշումը «էշից իջնելու» և խորհրդարան վերադառնալու մարդասիրական միջանցք է ընդդիմությանը

ԱԺ խորհրդի որոշումը «էշից իջնելու» և խորհրդարան վերադառնալու մարդասիրական միջանցք է ընդդիմությանը
Քաղաքականություն
17:13, 15 июль 2022
Ժողովրդական հայտնի ասացվածքն արձանագրում է. «էշ նստելը մի այիբ է (ամոթ, խայտառակություն), էշից իջնելը՝ երկու»։

Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս նախկին երկու նախագահների և նրանց կողմից ուղղորդվող խմբակցությունների, որոնք, վստահ ենք, ծանոթ են սույն ասացվածքին, արդեն մի քանի ամիս է՝ ինքզինքը  դատապարտել են հայտնի կենդանուն հեծնողի  կարգավիճակին՝ ձեռնարկելով  «Դիմադրություն» շարժում կոչվող խայտառակությունը։  ԱԺ խորհրդի երեկ կայացած նիստում ընդունված որոշումը, որն, ի դեպ, ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից, ընդդիմությանն «էշից իջնելու», վերջինիս «այիբներին» «թողություն տալու»  և խորհրդարան՝ պատգամավորական աթոռներին ու միկրոֆոններին վերադառնալու յուրօրինակ ժեստ է, որը ընդդիմության կողմից ճիշտ ընկալվելու ու մեկնաբանվելու դեպքում հնարավոր կդարձնի հաղթահարել ստեղծված  ճգնաժամը՝ միաժամանակ քաղաքական ռեաբիլիտացիայի հնարավորություն տալով երկու օպոզիցիոն խմբակցություններին։ Իսկ եթե ոչ, ապա գործ կունենանք էշի անվան հետ կապված մեկ այլ ասացվածքի տրամաբանության հետ՝ կանխատեսելով ընդդիմության՝ էշ նահատակ դառնալու տխուր հեռանկարը։  Իսկ քանի դա տեղի չի ունեցել՝ մի քանի արձանագրում:

Եվրոպայից օրերս վերադարձած ու ասուլիս տված «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը  ստիպված եղավ ցավ ի սիրտ  խոստովանել «Դիմադրություն»  շարժման  տապալման մասին։  Շարժման ակտիվ օրերին, հիշեցնենք,  ՀՅԴ-ական այս գործիչը քանիցս հայտարարում էր, թե «այս իշխանությանը հաշված օրեր են մնացել», Նիկոլ Փաշինյանը  «էսօր-էգուց է», սակայն  վերադառնալով Եվրոպայից՝ վերջինս  ստիպված եղավ նաև ռեալության դաշտ վերադառնալ և «զադնի դնել» իր նախկինում արած հաշվարկներից։ Հարցին՝ ինչքա՞ն է պաշտոնավարելու գործող իշխանությունը, Սաղաթելյանը պատասխանել է. «Իրանք չորս տարի չեն մնալու,  կարճ, ինձ թվում ա, նու... ժամկետ չասեմ, բայց երկար... Տեսեք, մենք դուրս ենք եկել կարճ ժամանակահատվածում հեռացնելու, դրա համար արել ենք հնարավորինս։ Սխալներ ունեցե՞լ ենք, իհարկե ունեցել ենք։ Բայց  ժողովրդին չենք դավաճանել, պայքարի մեջ եղել ենք ազնիվ ու անմնացորդ, հետքայլ չենք արել։  Չի ստացվել այս փուլում, բայց, վստահաբար, ստացվելու ա, որովհետև էն, ինչ անում ես ազնիվ, արդար, գաղափարով, ինքը չի կարա հաջողություն չունենա»։  

Մարդկայնորեն ու քաղաքական պատվախնդրության տեսանկյունից կարելի է հասկանալ ընդդիմությանը՝ չկարողանալով սպասարկել այն բարձր նշաձողը, որը դրել էր իր առաջ՝ օրերի ընթացքում հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ամիսներ անց  դժվար է ոչ միայն  նշաձողն իջեցնելը, այլև  էշից իջնելն ու  իրեն ԱԺ մեծամասնության կողմից առաջարկված քաղաքական-մարդասիրական միջանցքից օգտվելը՝  խորհրդարան վերադառնալու որոշում կայացնելը։ Եվ եթե  գործ ունենք ոչ թե արկածախնդիր, այլ պատասխանատու և երկրի դարդով տապակվող, վերքերին դարման անել ցանկացող  ընդդիմության հետ, ապա այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված  հանրահավաքում պետք է ականատեսն ու ունկնդիրը լինենք այդպիսին լինելու մասին ամրագրում-հավաստիացման՝ ՊՈՒ-ն և «Հայաստան»-ը, ընդունելով փողոցային պայքարում կրած իրենց պարտությունը, հաղթահարելով օբյեկտիվորեն ի հայտ եկած քաղաքական կոմպլեքսները,  դադարեցնում են բոյկոտը՝ ի հարգանս իրենց քվե տված քաղաքացիների, հանուն հասարակական համերաշխության և երկրի կայունության։ 

Եթե քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ապա ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի ունեցած քաղաքական կապիտալի պայմաններում միակ հնարավորը հենց այն է, ինչի մասին հուշում ենք արդեն մի քանի ամիս և նաև նշեցինք քիչ վերը՝ խորհրդարան վերադառնալը։ 

Հեղինե Մանուկյան