Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱԿ-ականների հիստերիան անտեղի է. Տեր-Պետրոսյանը հողերը հանձնելու իր մոտեցումը մշտապես բաց արտահայտել է

ՀԱԿ-ականների հիստերիան անտեղի է. Տեր-Պետրոսյանը հողերը հանձնելու իր մոտեցումը մշտապես բաց  արտահայտել է
Քաղաքականություն
20:00, 14 апрель 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ իր և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը և բավական ուշագրավ հայտարարություն արեց կամ ինչպես ինքը որակեց՝ «գաղտնիք բացեց»։

Վարչապետը հայտարարեց, որ 2018թ. հուլիսին իրենց հանդիպման ժամանակ առաջին նախագահն իրեն ասել է՝ «հողերն արդեն պետք է տաս»։ Վարչապետի կողմից այս հայտարարությունից հետո ՀԱԿ մի շարք անդամներ, համակիրներ բավական կոշտ, երբեմն նույնիսկ հիստերիկ մեկնաբանություններ, գրառումներ են կատարում համացանցում՝ պիտակավորելով վարչապետին։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, սակայն, զարմանալի ոչինչ չկա, որ Տեր-Պետրոսյանը այդ մասին է խոսել, քանի որ նա Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ իր մոտեցումը բաց արտահայտել է սկսած իր նախագահությունից, մինչև վերջին տարիները։

Հայտնի է նաև, թե Հայ Ազգային կոնգրեսը Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ ինչպիսի մոտեցումով էր մասնակցում 2017 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրությանը: «Այստեղ որևէ զարմանալի, կամ տարօրինակ բան չկա, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Տեր-Պետրոսյանը կարող էր նման մոտեցում արտահայտել»,- ասաց Բադալյանը։

Քաղաքագետի խոսքով այս փուլում Նիկոլ Փաշինյանի կողմից նման «գաղտնիքների բացահայտումը» պայմանավորված է վերջին շրջանի քաղաքական զարգացումներով։ Նիկոլ Փաշինյանն այժմ զբաղվում է նաև իր քաղաքական պաշտպանության խնդրով։

«Փաշինյանի գործողություններում կա ոչ միայն պետական կառավարում իրականացնելու պատասխանատվություն, այլև նա որպես քաղաքական ուժ և քաղաքական գործիչ քաղաքական պաշտպանություն է իրականացնում։ Եվ եթե տարբեր քաղաքական ճամբարներ իրենց քաղաքական խնդիրներից Նիկոլ Փաշինյանին են դիտարկում քննադատության, մեղադրանքների, պատասխանատվության թիրախ, Փաշինյան էլ իր հերթին է փորձում պատասխանատվությունը հետ շրջել քննադատող շրջանակներին։ Կարծում եմ, այս առումով էլ տեղի է ունենում բավական պարզ քաղաքական պրոցես և քաղաքական վարքագիծ»,- եզրափակեց Բադալյանը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Փաշինանի կողմից Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մանրամասների բացահայտումը ևս մեկնաբանում է ներքաղաքական պայքարի ներկա տրամաբանության մեջ։

«Ներքաղաքական պայքարի տրամաբանությունը որոշակիորեն փոխվել է։ Մենք տեսնում ենք, որ առաջին նախագահը, ՀԱԿ-ը որպես քաղաքական ուժ, ընդհանուր առմամբ, բավականին տարբերակվող դիրքավորում են ընտրել քաղաքական դաշտում։ Եթե նախկինում փորձում էին չխանգարելու տրամաբանությամբ գործել, ապա ներկայում ակնհայտ դիրքավորվել է հակաիշխանական։ Եվ հասկանալի է, որ իշխող քաղաքական ուժն էլ պետք է պատասխաններ հասցնի։ Ես այս ամբողջ գործընթացը մեկնաբանում եմ հենց ներքաղաքական պայքարի տրամաբանության մեջ։ Եվ եթե հաշվի առնենք նախկին նախագահների հանդիպումը, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխհրաձգությունները, Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան փոխհրաձգութունները, ապա կարող ենք նկատել, որ ներքաղաքական պայքարը բավականին բազմաբնույթ է դարձել։ Տարբեր քաղաքական ուժերի կողմից տարբեր կոմպրոմատների օգտագործումը և այդպիսով քաղաքական դիվիդենտներ շահելը սովորական երևույթ է դարձել մեզանում և առաջիկայում այդ երևույթը ավելի է ակտիվանալու»,- ասաց Ղևոնդյանը։  

Ինչ վերաբերում է բուն «հողերն արդեն պետք է տաս» արտահայտությանը, ապա Ղևոնդյանի խոսքով ևս դեռևս միչև հեղափոխությունը, 2017 թվականին Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նման կոչերով էր հանդես գալիս։ Հետևաբար զարմանալի ոչինչ չկա: «Այնպես որ շատ հավանական է, որ նման խոսակցություն իսկապես տեղի ուենցած լինի՝ առավել ևս, որ դա ամբողջությամբ ընդգրկվում է  Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի մոտեցումների շրջանակներում ղարաբաղյան խնդրի հետ կապված։ Այլ հարց է, թե Նիկոլ Փաշինյանը և ներկա քաղաքական ուժը ինչպես են վերաբերել դրան այն ժամանակ և ինչպես են  վերաբերում՝ հիմա»,- եզրափակեց Ղևոնդյանը։

Արփի Հարությունյան