Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքան օգնություն է տրամադրել Հայաստանը Արցախին, և ում շահերն են սպասարկում Թուրքիա ուղարկված օգնությունը շահարկելով Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող նախկին իշխանության սպասարկուները

Որքան օգնություն է տրամադրել Հայաստանը Արցախին, և ում շահերն են սպասարկում Թուրքիա ուղարկված օգնությունը շահարկելով Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող նախկին իշխանության սպասարկուները
Քաղաքականություն
00:30, 12 февраль 2023
Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա։ «Մարդասիրական օգնությունով բեռնատարները հատել են սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը և ուղևորվել են երկրաշարժից տուժած շրջան», - իր թվիթերյան էջում գրել էր ԱԳՆ խոսնակը։

Այս լուրից հետո հայկական ֆեսյբուքը, մեդիադաշտը կրկին ալեկոծվեց։ Բնական է, որ տարբեր մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ՝ դեմ լինել կամ կողմ, քննադատել կամ նորմալ վերաբերվել կործանիչ աղետի ժամանակ օգնության ձեռք մեկնելուն․ ի վերջո, նույն Թուրքիան մեր հանդեպ խիստ թշնամական գործողություններ է կատարել թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո, սակայն որպես իրեն քրիստոնյա համարող ազգ՝ Հայաստանի մարդասիրական քայլը միանշանակ դրական է։ Բացի դա, չի բացառվում, որ այն կարող է դիվանագիտական փակ դռներ բացել։ 

Սակայն նախկին իշխանությունների ու հատկապես ռուսական շահեր սպասարկելու հետ ասոցացվող պրոպագանդիստները, «աշխուժակները» քննարկումը տարան այլ ուղղությամբ՝ հերթական անգամ փորձելով սեպ խրել Հայաստան-Արցախ հարաբերություններում․ «Հայաստանը Թուրքիա է ուղարկել 100 տոննա հումանիտար օգնություն։ Հայաստանը   շրջափակման մեջ գտնվող Արցախին ուղարկել է 0 տոննա օգնություն», -ահա մոտավորապես այսպիսի բովանդակությամբ մառազմատիկ մեղադրանք շաղ տալով։ Առավել զարմանալի է, երբ մառազմը շրջանառում են լրտավադաշտի որոշ ներկայացուցիչներ։
Նման տեղեկություն շրջանառելու համար առնվազն պետք է երբևէ հետևած չլինել Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրություններին կամ ՀՀ կառավարության նիստերին։ Եթե շրջանառողները, որոնք ոչ միայն փորձում են սեպ խրելով՝ նսեմացնել Հայաստանի կառավարության ջանքերը արցախցիներին  օգնելու հարցում, այլև փութաջան պաշտպանել ադրբեջանցիների հետ Լաչինը փակած Ռուսաստանի շահերը, գոնե կարդային Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունները, կտեսնեին, որ Հայաստանից Արցախ ուղևորվող 350 տոննա հումանիտար բեռը արդեն շաբաթներ կանգնած է Գորիսում, ու ՌԴ խաղաղապահները որևէ քայլ չեն անում հումանիտար միջանցք բացելու ու այն Արցախ տեղափոխելու համար։  

««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի ժողովրդին նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը, ՀՀ և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռը, ինչպես նաև Արցախի երեխաների համար նախատեսված ամանորյա նվերները, ցավոք սրտի, շարունակում են գտնվել Գորիս քաղաքում և դեռևս անհնարին է հասցնել Արցախ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով»,- արդեն մի քանի շաբաթ ահազանգում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Հետևաբար, շրջանառվող մեղադրանքի մառազմը այն է, որ Հայաստանից Արցախ հումանիտար բեռ հասցնել հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, իսկ ՌԴ խաղաղապահները, որոնք ևս պատասխանատու են Լաչինի միջանցքի անխափան շահագործման համար, անգամ հումանիտար միջանցք չեն բացում՝ 350 տոննա հումանիտար բեռներն Արցախ տեղափոխելու համար։ Սակայն այս մասին նախկին իշխանության ու ՌԴ շահերի սպասարկուները լռում են կամ անտեղյակ ձևանում՝ գերադասելով Հայաստանի հասցեին մեղադրանքներ շաղ տալ։ 

Գուցե ավելի ճիշտ կլիներ, եթե սոցցանցերում ողբ կապող, Արցախի դրոշը կրծքերին կրծքազարդ դարձրած, մինչև Լաչինի միջանցքի շրջափակումը Երևանի կենտրոնում Արցախ փրկող, միջանցքի շրջափակումից հետո մեկ ակցիա չիրականացրած լալահառաչ ստատուսչիները կտրվեին համակարգիչների ստեղնաշարներից և գոնե մեկ ակցիա իրականացնեին ՌԴ դեսպանատան, Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գրասենյակների առջև՝ պահանջելով հասցնել արցախցիներին Գորիսում մնացած հումանիտար բեռները։

Բայց վերադառնանք շրջանառվող մեղադրանքի մտքի մառազմատիկ կողմին։ Եվ այսպես, Հայաստանի կառավարությունը նախորդ տարի աննախադեպ ծավալի օժանդակություն է տրամադրել Արցախին՝ շուրջ 200 մլրդ դրամ, որը Հայաստանի կողմից Արցախին երբևէ տրամադրված ամենախոշոր ծավալի օժանդակություն է։ Արցախյան պատերազմից հետո, երբ Արցախը զրկվեց իր բյուջեի հիմնական մուտքերն ապահովող գործիքներից, Արցախի ֆինանսական միակ երաշխավոր դարձավ ՀՀ Կառավարությունը։ Բացի Արցախի կառավարությանը տրամադրվող օժանդակությունից, Հայաստանի Կառավարությունը հոգում է նաև Արցախից տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիների հոգսերը։ Մասնավորապես՝ Կառավարությունը Արցախից տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում տրամադրում է օժանդակություն՝  միանվագ դրամական օգնություն յուրաքանչյուր շահառուի համար նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68,000 ՀՀ դրամ), ինչպես նաև կեցավայրի համար տրամադրվում է լրացուցիչ աջակցություն՝ 15,000 դրամի չափով այն շահառուներին, ովքեր չունեն սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք:

Տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին տրամադրում է օժանդակություն նրանց, ովքեր ունեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի համայնքի հաշվառում։ ՀՀ Կառավարությունը նշված մարդկանց տրամադրում է  օժանդակություն՝ միանվագ դրամական օգնություն յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։
2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի հաշվառում ունեցող քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրում է օժանդակություն՝
• 5 000 000 ՀՀ դրամ՝ անձի զոհվելու դեպքում, տրվում է զոհվածի ընտանիքին
• 3 000 000 ՀՀ դրամ՝ անձի 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում
• 2 000 000 ՀՀ դրամ՝ անձի 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում
• 1 000 000 ՀՀ դրամ՝ անձի 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում
• 3 000 000 ՀՀ դրամ՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում
Արցախում ավերված անշարժ գույքի սեփականատիրոջը և ընտանիքի անդամներին, տրամադրում է օժանդակություն՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ 250,000 ՀՀ դրամ։

Վերադառնալով Թուրքիային Հայաստանի կողմից տրամադրված օգնությանը, հարկ ենք համարում հրավիրել ընթերցողի ուշադրությունը հանգամանքին, որ այն տեղափոխվել է Մարգարայի կամրջով, որի վերաբացման համար Հայաստանը ջանքեր է թափել առնվազն 2007 թվականից։ Սերժ Սարգսյանի վարած «Ֆուտբոլային դիվանագիտության» տապալումից հետո վերջին մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ ջանքերը կրկին ակտիվացել են, և սա կարող է մեծապես օժանդակել այդ ջանքերին։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանի հետ սահմանը փակվել է 1993 թվականին՝ Թուրքիայի կողմից, իսկ Հայաստանը մշտապես կարևորել է սահմանների վերաբացումը, Հայաստանի ապաշրջափակումը։

Նաև, հարկ ենք համարում նախկին իշխանության սպասարկուներին հիշեցնել, որ նույն նախկին նախագահները Թուրքիային տարբեր առիթներով հումանիտար օժանդակություն տրամադրելու առաջարկներ են արել, հանդիպել, զրուցել, շփվել, բանակցել։ 

Վովա Հակոբյան