Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գուցե դատարանի մոտեցումներից է վախեցած դատախազությունը, որ Մարտի 1-ի մայր գործը դատարան չի ուղարկում․ Սեդա Սաֆարյան

Գուցե դատարանի մոտեցումներից է վախեցած դատախազությունը, որ Մարտի 1-ի մայր գործը դատարան չի ուղարկում․ Սեդա Սաֆարյան
Քաղաքականություն
16:50, 06 май 2021
Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի դատական նիստը հետաձգվեց՝ վերջինիս ստացիոնար բուժման մեջ գտնվելու պատճառով։ Դատական նիստին չէր ներկայացել նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դատարան չներակայանալը պատճառաբանեց մյուս ամբաստանյալի ստացիոնար բուժման մեջ գտնվելու հանգամանքով՝ ըստ որի ակնկալվում էր, որ պետք է դատական նիստը հետաձգվեր և հավելեց, եթե դատարանը պարտադիր է համարում Քոչարյանի ներկայությունը՝ ապա 10 րոպե ընդմիջումը բավարար է, որպեսզի ինքը կազմակերպի պաշտոնաթող նախագահի՝ նիստին ներկա գտնվելու հարցը։ 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը մեղադրվում են գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու մեջ։ Ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանը գործարարից վերցրել է 3մլն ԱՄՆ դոլար, իսկ Արմեն Գևորգյանը 1մլն ԱՄՆ դոլար կաշառք, որպեսզի չխոչընդոտեն գործարարի կողմից իր ընկերությունը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին ։ 

«Մարտի 1-ի»՝ արդեն իսկ կարճված գործով տուժողների պաշտպաններից Սեդա Սաֆարյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս անցկացված նիստին և Ռոբերտ Քոչարյանի չներկայանալուն՝ կարծիք հայտնեց, որ եթե դատարանը կուլիսների հետևում տեղեկացված է եղել նրա բացակայելու փաստից, ապա ամբաստանյալի նկատմամբ դատական սանկցիա չկիրառելը հասկանալի է, քանի որ հակառակ պարագայում դատարանը նման միջոց կձեռնարկեր՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն ամբաստանյալ է։

Եվ թեպետ, երեկ դատարանում չքննարկվեց ՀՀ երկրորդ նախագահի բացակայությունը անհարգելի ճանաչելու մասին հարցը, այնուամենայնիվ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ ամբաստանյալի կողմից դատարան ներկայանալը պարտադիր է և չի կարող այն պայմանավորված լինել այն հետևությամբ, թե հնարավոր է դատական նիստը հետաձգվի մեկ այլ ամբաստանյալի ստացիոնար բուժման մեջ գտնվելու պատճառով։

Սեդա Սաֆարյանն անդրադառնալով դատախազությանը՝ նշեց, որ Մարտի 1-ի գործի ընթացքը ցույց է տվել, որ թեպետ դատախազությունը ևս տուժող կողմ է, այնուամենայնիվ տարանջատված են միմյանցից․ «Տուժողներն իրենց հույսը դրել են դատախազների վրա, իրենք էլ գուցե իրենց հույսը դրել են Աստծո վրա, քանի որ դատական համակարգ չկա»։

Փաստաբանի խոսքով՝ թեպետ գործարար Սիլվա Համբարձումյանի տված ցուցմունքները բավարար են, ինչպես նաև կաշառքի գործում առկա են փոխանցումների և գումարների վերաբերյալ տվյալներ, բայց ըստ նրա, քանի որ Մարտի 1-ի գործով միլիոն անգամ ավելի էին ապացույցները և որևէ մեկը կասկած չուներ, որ հանցագործության դեպք կա,ՀՀ դատական համակարգը հանցագործության դեպքի բացակայության հիմքով Մարտի 1-ի գործը կարճեց․ «Հիմա սպասում եմ մի իրավիճակ ստեղծվի ՍԴ-ն մի լավ որոշում կայացնի, հիմա էլ այդ մասով արդարացվեն։ Հայկական դատական համակարգի կեղտոտ սցենարից հոգնել ենք արդեն, մենք զբաղված ենք Եվրոպական դատարան ուղարկվող բողոքներով։ Մեր պետական փտած դատական համակարգի հետ այլևս ոչ հույս եմ կապում, ոչ էլ ուզում եմ դրա մեկնաբանությունը տալ ավելի խորացված կերպով»։   

Անցում կատարելով ՀՔԾ-ում քննվող Մարտի 1-ի մայր գործի ընթացքին՝ Սեդա Սաֆարյանը մեկնաբանեց, որ դատախազությունը գուցե դատարանի մոտեցումներից վախեցած է, և այդ պատճառով չի կարողանում քրեական գործի այդ մասն ուղարկել դատարան․ «Այդ եռյակը՝ նախաքննական մարմին, դատախազություն, դատարան միմյանց հետ օրինական չեն համագործակցում և տեղի է ունենում այդ օղակներից մեկի պասիվ վարքագծի դրսևորում, ինչի արդյունքում մենք ունենում ենք ձախողված գործեր։»։

Նշենք, որ երբ նախորդ տարի՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելը Գլխավոր դատախազությունը հուլիս ամսին Վճռաբեկ բողոք ներկայացրեց՝ Վերաքննիչ դատարանի գրավով ազատ արձակելու որոշումը բեկանելու պահանջով։ Բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել հոկտեմբեր 5-ին, սակայն մինչ օրս չի գումարել նիստ։ 

Փասատաբանի դիտարկմամբ՝ հաշվի առնելով բոլոր այն գործերը որոնցում ինքը ներգրավված է եղել, կարող է ասել, որ դատական համակարգում արդարության բացակայությունը հասել է այն մակարդակի, որ արդեն վախենալու է։ 

Նարա Մարտիրոսյան