Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հստակ ուղերձ եմ ուղարկում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումն այսօր, անհապաղ. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

«Հայաստան վերջին անգամ այցելել եմ 2012 թվականին՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, այդ ժամանակից ի վեր շատ բան է տեղի ունեցել: Ես երեկ հանդիպել եմ վարչապետին, արտաքին գործերի նախարարին, պաշտպանության նախարարին, և ես գոհունակությունս պետք է հայտնեմ, թե ինչ ջանքեր են իրենք ներդրել, որպեսզի Հայաստանում ամրապնդեն ժողովրդավարությունը։ Ես այստեղ եմ ՀՀ կառավարության հրավերով, որպեսզի օգնեմ կառավարությանն ամրապնդել կապերը Արևմուտքի հետ, ԵՄ-ի հետ առհասարակ»,- այս մասին այսօր Ջերմուկում ճեպազրույցի ժամանակ ասել է երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Նա տեղեկացրեց, որ երեկ հանդիպումներ է ունեցել Երևանում, իսկ այսօր այցելել է Հայաստանի հարավային մարզերը, որպեսզի իր աչքով տեսնի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները Հայաստանի վրա։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նաև նշեց, որ հիմա այցելել է հրաշալի Ջերմուկ քաղաք, և քաղաքապետն իրեն ասել է, թե ինչ ազդեցություն են ունեցել ադրբեջանական հարձակումները քաղաքի վրա, տուրիզմի վրա։ 

«Այսօր ավելի շուտ այցելել էի նաև Լաչինի միջանցք։ Անցյալ տարվա դեկտեմբերից Հայաստանի և ԼՂ-ի միջև ճանապարհը շրջափակման մեջ է։ Այս շրջափակումը ոչ մարդկային է, ոչ էլ օրինական։ Ես հանդիպեցի մարդկանց հետ, ովքեր ապրել են ԼՂ-ում, և նրանք ինձ պատմեցին այն կրիտիկական իրավիճակի մասին, որը տիրում է ԼՂ-ում։ Շրջափակում նշանակում է, որ պարեն և դեղորայք միայն շատ փոքր քանակով կարելի է հասցնել ԼՂ, և դրա պակասը կա ԼՂ-ում։ Մենք բախվում ենք մարդասիրական ճգնաժամի հետ, որը կարող է  վերածվել հումանիտար աղետի։ Այս շրջափակումն անօրինական է։ Արդարադատության միջազգային դատարանը մի քանի շաբաթ առաջ որոշում է կայացրել, որով պարտադրում է Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով և հասանելիությունը ԼՂ։ Ուստի ես այսօր հստակ ուղերձ եմ ուղարկում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումն այսօր, անհապաղ»,- ասաց Անդերս Ֆոգ Ռասմուսենը։