Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության այս ասմունքը Ռուսաստանի շահերը սպասարկելու համար է․ տեսնում ենք, որ Հայաստանը հիբրիդային պատերազմի մեջ է, իսկ այս մարդիկ այդ պատերազմում մեր դեմ են, ոչ թե կողմ․ Ռուբեն Մեհրաբյան

Ընդդիմության այս ասմունքը Ռուսաստանի շահերը սպասարկելու համար է․ տեսնում ենք, որ Հայաստանը  հիբրիդային պատերազմի մեջ է, իսկ այս մարդիկ այդ պատերազմում մեր դեմ են, ոչ թե կողմ․ Ռուբեն Մեհրաբյան
Քաղաքականություն
18:31, 21 март 2023
Այսօր խորհրդարանում քննարկվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ» նախագիծը, որին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: 

Ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը խորհրդարանին առաջարկեց  չմասնակցել հայտարարության տեքստի քվեարկությանը: 

Քանի որ շատ հարցերում համակարծիք են, պատգամավորը նշեց, որ իրենք առաջարկ են արել «Հայաստան» դաշինքին՝ փորձելով գտնել հայտարարության տեքստի փոխադարձաբար ընդունելի բառապաշար, ինչը, սակայն, չի ընդունվել: Այս ելույթին հաջորդեց նախագիծը ներկայացնող «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ելույթը, որի ժամանակ նա ասաց, որ ՔՊ խմբակցությունը մերժեց Բերձորի միջանցքի հետ կապված ԱԺ նախագծի իրենց  տարբերակը, որով փաստացի հրաժարվեց 2021թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացրած իր նախընտրական ծրագրից:

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ 

Նա նշեց, որ իհարկե այս հարցը բովանդակային մեկնաբանելու իմաստ չունի, որովհետև նրանց առաջարկածն ուղղակի սնանկ է, խնդիրն այդտեղ այլ է, որ նրանք առաջնորդվում են հետևյալ սկզբունքով՝ Հայաստանի համար ինչքան վատ, այնքան լավ իրենց համար։  
«Ամբողջ խնդիրը հենց այստեղ է, որովհետև չհասկանալ այս ամենը ուղղակի հնարավոր չի։ Սա խոսում է էլի այդ ուժերի քաղաքական սնանկության մասին։ Եվ հաջորդը՝ այս ամենից այնքան ակնհայտ է, թե ում շահերն է սպասարկում նման պահվածքը, կարծում եմ՝ հավելյալ գիտելիքներ չեն պահանջվում՝ հասկանալու համար, որ սա ցանկանում է  Ռուսաստանը։ Ընդդիմության այս ասմունքը Ռուսաստանի շահերը սպասարկելու համար է։ Բնականաբար, Ռուսաստանն իրենց համար «սուրբ կովի» կարգավիճակում է, որին որևէ բան ասել չի կարելի, ավելին՝ պետք է ամեն ինչ անել նրանց շահը սպասարկելու համար, որ դա այդպես էլ շարունակի: Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը։ Մարիա Զախարովան ասում է, որ ռուսական զորքն այնտեղ է, բայց ոչ մի բանի երաշխավորը չէ, Լավրովն ասում է դրա հակառակը, բայց միևնույն է՝ դրանից բան չի փոխվում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Նա նշեց, որ Սերգեյ Լավրովը չի խոսում ոչ  Ադրբեջանի պարտավորությունից, ոչ էլ Ռուսաստանի պարտավորությունից, Լավրովի սիրելի պարտավորությունը հայերի պարտավորությունն է, որը վաղուց կատարված է, բայց Լավրովն ուզում է ավելին, իսկ այս ուժերը, որոնք գալիս «յալանչիություն» են անում ԱԺ-ում, պարզ է, որ այդ ամենը Լավրովի ուզածին հասցնելու համար է։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի պայմաններում, և այս մարդիկ այդ պատերազմում մեր դեմ են, ոչ թե մեր կողմում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ 

Խոսելով նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, որ իրենք տեսնում են Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու Արևմուտքի  անթաքույց փորձերը, քաղաքագետն ասաց. «Եթե ինքն իրեն Արևմուտքի տեղ է դնում,  այդ դեպքում ես կարող եմ մտածել իր ասածի մասին, բայց այստեղ Արևմուտքն ինչ կապ ունի, որ դուք ձեր պարտավորությունը չեք կատարում։ Գրել եք, տակը ստորագրել եք ու չեք կատարում»։

Ինչ վերաբերում է Լավրովի այն հայտարարությանը, որ իրենք պաշտպանում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումը, որ Ղարաբաղի բնակչության անվտանգության և իրավունքների պաշտպանության երաշխավորումը պետք է լուծվի Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև, իրենք կողմերին աջակցում են այս հարցում, այդ համաձայնությունները պետք է լինեն որակով, քաղաքագետն ասաց. «Շատ լավ, այդ դեպքում նպաստեք միջազգային ջանքերին, որպեսզի երկխոսությունը տեղի ունենա միջազգային հովանու ներքո, իսկ դուք ի՞նչ եք անում։ Դուք պրոցեսը փախցնում եք ձեր անսթափ զինվորականների հովանու ներքո, որից հետո ձեր իսկ պատասխանատվության տարածքում, որը իբր դուք երաշխավորում եք, տեղի է ունենում սպանություն՝ անպատիժ։ Այս խոսակցությունները երեք ռուսական կոպեկ չարժեն»։

Ինչ վերաբերում է նրան, որ երեկ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ ՀՀ-ում հակառուսականություն չկա, քաղաքագետն ասաց, որ  ինքը համաձայն չէ դրա հետ, քանի որ Հայաստանում տարվում է  ինտենսիվ հակառուսական քարոզ, և ով է դա տանում. «Դա տանում են Ռուսաստանի նախագահը, Ռուսաստանի արտգործնախարարը, իր անսթափ մամուլի քարտուղարը, իրեն սիրելի Սիմոնյան մարգոները և Հայաստանում մի շարք պրոպագանդիստներ, որոնք պերսոնա նոն գրատա են հայտարարվում: Այո, դրանք տանում են միտումնավոր հակառուսական քարոզ Հայաստանում, դրան գումարած Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը՝ իր հայտարարություններով»։  

Լիլիթ Թադևոսյան