Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Արզաքանցյանը չի բացահայտում նախընտրական ծրագրերը. ինչո՞ւ է ակտիվացել «Արզաքանցյան հիմնադրամը»

Տիգրան Արզաքանցյանը չի բացահայտում նախընտրական ծրագրերը. ինչո՞ւ է ակտիվացել «Արզաքանցյան հիմնադրամը»
Քաղաքականություն
21:45, 11 май 2021
Վերջին մի քանի օրը քաղաքի տարբեր հատվածներում, հատկապես՝ Երևանի մետրոպոլիտենում, հայտնվել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի լուսանկարներով պաստառները «Ուժը մարդն է» կարգախոսով։  

Civic.am-ը Արզաքանցյանից հետաքրքրվեց՝ պաստառները ընտրությունների հետ կապ ունե՞ն, թե՝ ոչ, եթե այո, ապա որ քաղաքական ուժի հետ է մասնակցելու ընտրություններին։  Արզաքանցյանն ասաց, որ պաստառները հիմնադրամի հետ են կապված։ 

«Մեր բարեգործական հիմադրամը 19 տարի ա գործում ա, մեծ աշխատանքներ ա կատարում։ Դրա համար են պաստառները»։ Դուք ասում եք հիմնադրամը 19 տարի է  գործում է , բայց այդ պաստառները վերջին մի քանի օրն են հայտնվել քաղաքում այս նախընտրական շրջանում՝ հակադարձեցինք։   

«Ես մի բան կարող եմ ասել, որ Արզաքանցյան Տիգրանն ուզում է, որ մենք ունենանք ուժեղ Հայաստան, ճկուն տնտեսություն, հարուստ երկիր, խաղաղ պետություն, որ ամեն ինչի մեջ հզոր լինենք։ Դա իմ ու մեր խմբի ցանկությունն է։ Որ ուզենանք մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք, որ մենք կարող ենք ուժեղ երկիր ստեղծել, որ մեր թշնամին չկարողանա մեզ հետ հաղթողի դիրքերից խոսել»,- ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավորը՝ չպատասխանելով, թե ընտրություններին ինչ ներգրավվածություն է ունենալու։