Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության պարտքերը բիզնեսի նկատմամբ զրոյացնում ենք․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1271-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որը վերաբերում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ունեցած հարկ վճարողների գերավճարը և գերավճարից տարբերվող գումարները վերադարձնելուն։ 

Ներկայացնելով նախագիծը՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց,որ պարզեցված ընթացակարգով այս գումարներն ընդունված է անվանել անցումային գերավճար,որոնք մինչև 2018 թվականը հաշվառվել են գանձապետարանից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում և այս անցումային գերավճարները կա՛մ հարկ վճարողների դիմումների հիման վրա վերադարձվել են իրենց, կա՛մ մարվել են նույն հարկ վճարողների կողմից առաջացած հարկային պարտավորությունների հաշվին, բացառությամբ՝ սոցիալական վճարի, քանի որ, ըստ կարգավորումների սոցիալական վճարը մարվել է բացառապես միասնական հաշվին առկա գումարներից։

Նա նշեց, որ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ 01․05․2021թ․ դրությամբ գերավճար ունեցող հարկ վճարողների քանակը 35․935 է, իսկ գերավճարի գումարը՝ 45․493 հազար դրամ։ «Ընդ որում, գերավճար ունեցող հարկ վճարողների շուրջ 89%-ը (մոտ 32000 հարկ վճարողներ) ունեն 1 դրամից մինչև 100 հազար դրամ գերավճարներ, իսկ 35 հարկ վճարողներ ունեն 10 մլն դրամից ավելի գերավճարներ, որի ընդհանուր հանրագումարը կազմում է մոտ 1․800․0 հազար դրամ։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը վերադարձվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման»,-ասաց ՊԵԿ նախագահը։

Խոսելով նախագծի մասին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ վերջին տարիներին իրենց ամենակարևոր հաջողություններից մեկը համարում են այն, որ պետությունը, կառավարությունը հարկ վճարողների պարտքերը հսկայական քայլերով մարել է։

«Հիմա եկել ենք մի փուլի, որ երբ փորձեցինք գույքագրել, թե ի վերջո ինչ հաշվեկշիռ ունենք, արձանագրեցինք, որ նախկինից մնացած էլի 4 միլիարդ 549 միլիոն դրամ գումար կա, որը մնացել է ինչ-որ տեղ, որպես պարտք և սա գործնականում այս ճանապարհին վերջին քայլն է, որից հետո մենք էլ այլևս հատուկ անելու բան չունենք, որովհետև օրենսդրական մեխանիզմներով կարգավորված է։ Բացառել ենք, որպեսզի այդպիսի պարտքեր գոյանան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Այնուհետև նա նշեց, որ ըստ էության սրանով  կառավարության պարտքերը բիզնեսի նկատմամբ զրոյացնում են։