Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է միջազգային հանրությունը և ՀՀ-ն ջանքեր գործադրեն՝ րոպե առաջ այս իրավիճակը հանգուցալուծելու և տարածքային ամբողջականությունը վերականգնելու․ Արարատ Միրզոյան ․ Տեսանյութ

Այսօր ԱԺ հեթական քառօրյայի սկսվելուն պես՝ մինչև նիստի օրակարգին անցնելը, պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին․

«Մենք գտնվում ենք բավականին ոչ սովորական ժամանակահատվածում, մայիսի 12-ից ադրբեջանցի մի քանի հարյուր զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում։ Վերջերս Դուք Ռուսաստանում էիք և մենք ակնհայտորեն ամեն օր ավելի ու ավելի հավաստիանում ենք, որ Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակցի առջև ստանձնած պարտավորությունները չի կատարում պատշաճորեն՝ Սյունիքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու առումով։ Ես կուզեի, որպեսզի մենք այս պահին  անդրադառնայինք այն խոսակցությանը, այն քննարկումներին,որ Դուք ունեցել եք Ռուսաստանում՝ Ձեր գործընկերոջ հետ հենց այս խդնիրների վերաբերյալ»։

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ ինչպես և այս դժվար հարցում, այնպես էլ նախորդիվ պատգամավորը քաջատեղյակ է, որ խորհրդարանական դիվանագիտությունը գործում է իր ողջ ծավալով և մեր պատգամավորները, բարեկամական խմբերի ղեկավարները չափազանց ակտիվ են այդ հարցում և այլ հարցերում ևս գործադրվում են բոլոր ջանքերը՝ միջազգային հանրության ուշադությունը մեր համար այս չափազանց կարևոր հարցի վրա սևեռելու, այն մոռանալ թույլ չտալու և այդ ջանքերի պտուղները պարբերաբար երևում են հանրային դաշտում։ 

«Ինչ վերաբերում է իմ վերջին այցին Մոսկվա և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ մեր խոսակցություններին, գործընկերները ևս ներկա էին և կհավաստեն, որ  բավականի անկեղծ և կառուցողական քննարկում ենք ունեցել մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանը ունի միջազգային պայմանագրեր՝ երկկողմ, բազմակողմ, առնչվող անվտանգային հարցերին, ես չեմ կարծում որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ չեն կատարելու դրանք։ Օրինակ ՀԱՊԿ-ը դեռ ունի ընթացակարգեր, ինստիտուտներ,մեխանիզմներ։ Նաև ՌԴ-ի հետ մեր խոսակցությունը շարունակվում է և կարծում ենք, որ պետք է պահպանենք լավատեսությունը»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Ի հավելումն ԱԺ նախագահն ասաց, որ պետք է միջազգային հանրությունը և ՀՀ-ն ջանքեր գործադրեն րոպե առաջ այս իրավիճակը հանգուցալուծելու և տարածքային ամբողջակաությունը վերականգնելու։ 

«Միշտ չի, որ այսպիսի բարդ հարցերը, ցավոք սրտի, լուծվում են կայծակնային արագությամբ»,-հավելեց Արարատ Միրզոյանը։