Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020թ․ նախագահի աշխատակազմը 183 միլիոն դրամ վերադարձրել է պետական բյուջե․ Էմիլ Տառասյան․ Տեսանյութ

2020թ․ նախագահի աշխատակազմը 183 միլիոն դրամ վերադարձրել է պետական բյուջե․ Էմիլ Տառասյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
11:30, 04 июнь 2021
«2020 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի, Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրով  տարեկան պլանը հաստատվել է մեկ միլիարդ 575 միլիոն 884 հազար դրամ», - այդ մասին այսօր 2020 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տառասյան։

Նա նշեց, որ 183 միլիոն դրամ վերադարձվել է պետական բյուջե, որից 119 միլիոն դրամ ուղղվել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և համավարակի հետևանքների հաղթահարման կառավարության կողմից իրականացվող միջոցառումների վրա և 64 միլիոն 774 հազար դրամ ռեսուրսների օպտիմալ օգտագործման արդյունքում խնայվել և ուղղվել է պետական բյուջե։ 

«Տնտեսումներն ուղղված են եղել արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման, տրանսպորտային միջոցների մոնիտորինգի, էլեկտրոնային համակարգի ներդրման տարատեսակ միջոցառումներով, որոնք ուղղված են եղել ռեսուրսների օպտիմալ օգտագործմանը։ Հիմնական տնտեսումները եղել են էներգետիկ, կոմունալ, կապի, գրասենյակային տրանսպորտային և կենցաղային նյութեր, ինչպես նաև արտասահմանյան գործուղումների ծախսերի ուղղություններով։ 2020 թվականի ընթացքում նախագահի աշխատակազմն ապահովել է Սահմանադրությամբ և օրենքներով հանրապետության նախագահին վերապահված լիազորությունների իրականացումը, մասնավորապես ստորագրվել է ԱԺ-ի կողմից ընդունված 510 օրենք»,- ասաց Էմիլ Տառասյանը։

Այնուհետև նա տեղեկացրեց, որ կառավարության առաջարկությամբ նախագահի հրամանագրով հաստատվել է 27 միջազգային պայմանագիր, նախագահի հրամանագրերով և կարգադրություններով 11 456 անձանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, շնորհվել է 11 բարձրագույն դիվանագիտական և դասային աստիճաններ, 19 բարձրագույն զինվորական և 23 պատվավոր կոչումներ, 1368-ը պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով։   
                  
«Կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած խնդիրներով պայմանավորված, նախագահի աշխատակազմի կողմից ցուցաբերվող աջակցությունը հիմնականում միտված է եղել սոցիալական խնդիրների լուծմանը։ Իրականացվել է 21 բարեգործական ծրագիր»,- ասաց Էմիլ Տառասյանը։

Տեսանյուն՝ այստեղ