Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից. Զախարովա

Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից. Զախարովա
Քաղաքականություն
20:57, 05 апрель 2023
Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հնարավորության մասին:

Նա ասել է, որ «գնդակը Երևանի դաշտում է»:

Զախարովան հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը բավարարված է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու Հայաստանի շարունակական հետաքրքրությամբ: Մոսկվան համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Եվ Ռուսաստանը, և մյուս դաշնակիցները պատրաստ են դրան։

«Նման որոշումները համաձայնեցվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում ու հաստատվում են բարձր մակարդակով։ Երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ տեսակների ամրապնդման աշխատանքներին»,–ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ գնդակը Երևանի կիսադաշտում է։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ կապված: Իր հերթին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը բացարձակապես պատրաստ է: